Արցախում ադրբեջանական զինուժը կոպիտ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը, կա ծանր վիրավոր

Այսօր կեսօրին մոտ Արցախում ադրբեջանական զինուժը կոպիտ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայկական կողմում հրազենային ծանր վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Վարդան Կիրակոսյանը, հաղորդում է Պաշտպանության բանակը։ 

«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», - կարդում ենք Արցախի ռազմական գերատեսչության քիչ առաջ տարածած հաղորդագրությունում։

Արդյո՞ք միջադեպի մասին հայկական կողմը տեղեկացրել է ռուսաստանյան խաղաղապահ առաքելությանը, եթե այո՝ ի՞նչ է արձագանքել, կամ միգուցե նախաձեռնել ռուսական կողմը։ Այս հարցին Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել։

«Ազատության» զանգերը անպատասխան թողեց Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ առաքելության լրատվական բաժինը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի արցախյան խաղաղապահ առաքելությանը վերաբերող բաժնում այսօրվա միջադեպի մասին տեղեկություն դեռ չկա։

Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 9-ի զինադադարից հետո, որը կնքվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ, Կրեմլի ղեկավարը բազմիցս է հայտարարել, որ ռուսական խաղաղապահ առաքելության շնորհիվ է պահպանվում զինադադարը, այնինչ այսօրվա միջադեպը Ադրբեջանի կողմից զինդադարի կոպիտ խախտման առաջին դեպքը չէ։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախում ռուս խաղաղապահների առկայության պայմաններում Շուշիից հարավ ընկած Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հարձակում ձեռնարկեց, որի հետևանքով հայկական բանակը ունեցավ ինը զոհ, գերեվարվեցին 64 զինծառայողներ։ Հադրութի շրջանի վերջին երկու հայկական այդ գյուղերը և հարակից տարածքները, որոնք պատերազմից հետո շարունակում էին գտնվել Ստեփանակերտի վերահսկողության ներքո, անցան Բաքվին, չնայած նոյեմբերի 9-ի զինադադարը պահանջում է, որպեսզի կողմերը կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղի ունեցածի ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բավարարվեց միայն իր պաշտոնական կայքէջում հրապարակված խաղաղապահ առաքելության գոտու քարտեզի տարօրինակ փոփոխությունով։ Եթե դեկտեմբերի 13-ին հրապարակված քարտեզում այս երկու գյուղերի հատվածը կապույտ գծով ներառված էր որպես պաշտոնական Ստեփանակերտի վերահսկողության ներքո գտնվող տարածք և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, ապա արդեն հաջորդ օրը հրապարակված այդ քարտեզի նոր տարբերակում Հին Թաղերն ու Խծաբերդը հայտնվել էին հայկական վերահսկողությունից և ռուսաստանյան ուժերի պատասխանատվության գոտուց դուրս, Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքում։