Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին


Armenia-Ara Ayvazian the minister of foreign affairs of RA,undated
Armenia-Ara Ayvazian the minister of foreign affairs of RA,undated

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Նախարարն իր նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի:

Արա Այվազյանը, համաձայն հաղորդագրության, նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Արցախի Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ: Նշվել է, որ ռազմական հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գերեվարել են 64 հայ զինծառայողի՝ խախտելով եռակողմ հայտարարությամբ հրադադարի պահպանման Ադրբեջանի պարտավորությունները:

Առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա:

«Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա», - եզրափակել է ԱԳ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG