Գագիկ Ջհանգիրյանը կարող է դառնալ ԲԴԽ անդամի «Իմ քայլ»-ի թեկնածուն

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանը կարող է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի՝ իշխանական «Իմ քայլ»-ի թեկնածուն։ Արդեն կան դժգոհություններ, մասնավորապես՝ իրավապաշտպաններից։

Իշխանական պատգամավորները ծրագրում են հանդիպել Ջհանգիրյանին, ամենայն հավանականությամբ՝ այսօր, փոխանցեց «Իմ քայլ»-ից Արուսյակ Ջուլհակյանը։ Պատգամավորն ասաց՝ այսօրվա հանդիպմանը կտան հուզող հարցերը, կլսեն պարզաբանումներ նաև նրա հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ, միայն դրանից հետո կորոշեն՝ արդյոք ուզում են, որ Ջհանգիրյանը լինի ԲԴԽ անդամի իրենց թեկնածուն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է Ջհանգիրյանի թեկնածությանը բացասական վերաբերվում, պնդեց՝ նրա պաշտոնավարման տարիներին հանցագործություններ են կոծկվել։ Իրավապաշտպանը հիշատակեց Մատաղիսի աղմկահարույց գործը, որի քննությունը Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած տարիներին է կատարվել։ Ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողները տարիներ անց արդարացվեցին։ Այդ գործով նաև ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի վճիռ կա։

«Մատաղիսի գործը՝ դա ակնհայտ, ակնհայտ անմեղ երիտասարդներ էին դատվում։ Եվ էլի կան դատապարտյալներ, որոնք Ջհանգիրյանի առաջադրած մեղադրանքով շարունակում են մնալ բանտերում։ Եվ լավ կլիներ, որ «Իմ քայլը» և նրա առաջնորդը, որը փայլուն գիտի՝ ինչպես է աշխատել Գագիկ Ջհանգիրյանը, փորձեն իրոք մաքրել դատական համակարգը, բարեփոխել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

«Պարոն Ջհանգիրյանը կունենա հնարավորություն այդ բոլոր հարցերին պատասխանելու», - վստահեցրեց Արուսյակ Ջուլհակյանը։

Իշխանական պատգամավորը կարծում է՝ Մատաղիսի գործով, ու ոչ միայն, հարցեր կլինեն Ջհանգիրյանին։ Եթե նրա թեկնածությունը հաստատվի, Ջուլհակյանը վստահ է, որ Ջհանգիրյանն ունի համապատասխան որակներ՝ լրջագույն դերակատարություն ունենալու դատաիրավական բարեփոխումների հարցում․ - «Ջհանգիրյանը բավականին շահեկան դիրքերում է, փայլուն իրավաբան է, և նա ունի հստակ տեսլական, թե ինչպես է պետք կարգի բերել դատաիրավական ոլորտը, որը բավականին վատ վիճակում է և լրջագույն առողջացման կարիք ունի»։

Տևական ժամանակ է՝ հրապարակումներ կան, թե «վնգստացող դատավորների» մասին հայտնի արտահայտությունից հետո ԲԴԽ նախագահի ու իշխանության հարաբերությունները լարվել են։ Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների խափանման միջոցի հարցի քննության նախօրեին Ռուբեն Վարդազարյանը, օգտագործելով Նիկոլ Փաշինյանի հայտնի որակումը, կոչով դիմել էր դատավորներին, որ եկել է պահը տալու «ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Գագիկ Ջհանգիրյանը, ըստ որոշ հրապարակումների, իշխանությանը խոստացել է դատական համակարգը «բուռը հավաքել»։

Վարդազարյանը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ․ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին նման ծրագրեր չունի։ Պնդեց, որ իր վրա իշխանության կողմից ճնշումներ չկան։ Մտավախություն չունի, որ Ջհանգիրյանն ընտրվեց՝ իր դիրքերը կսասանվեն։ ԲԴԽ անդամի պաշտոնում, պնդում էր Վարդազարյանը, Ջհանգիրյանի նման փորձառությամբ անձի ընտրությունը կողջուներ, եթե մի «բայց» չլիներ․ հղում անելով Սահմանադրությանն ու Դատական օրենսգրքին՝ Վարդազարյանը կարծիք հայտնեց, որ 65 տարեկան Գագիկ Ջհանգիրյանը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ։

Ազգային ժողովը, ըստ Դատական օրենսգրքի, չի կարող ԲԴԽ անդամ ընտրել մեկին, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: Դատավոր նշանակվելու սահմանափակումները թվարկող հոդվածում տարիքային շեմ նախատեսված չէ։

«Մենք պարտավոր ենք ելնել ողջամտության կանխավարկածից․ եթե 65 տարին լրանալուց հետո դատավորի լիազորությունները դադարում են, հետևաբար՝ նա չի կարող 65 տարին լրանալուց հետո ընտրվել դատավոր», - պարզաբանեց Վարդազարյանը՝ շարունակելով․ - «Եթե վերցնենք խելագարության կանխավարկածը, ապա կարելի է դատավոր նշանակել և մյուս օրը դադարեցնել լիազորությունները 65 տարին լրանալու կապակցությամբ»։

«Ազատություն»․ - Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք նույն Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումը, իսկ Գագիկ Գարուշի Հարությունյանը ծնվել է 1948 թվականին։

Վարդազարյան․ - Գտնում եմ, որ այն ժամանակ ևս Գագիկ Հարությունյանի ընտրությունը եղել է օրենքի խախտմամբ։

«Ազատություն»․ - Դուք էլ դատավոր էիք ժամանակին, ինչո՞ւ չեք այդ հարցը բարձրացրել։

Վարդազարյան․ - Դատավորներ եղել են, որոնք արձագանքել են, հատուկ դիմումով դիմել են Բարձրագույն դատական խորհրդին՝ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով, այդ իսկ պատճառով ես չեմ դիմել, քանի որ այլ դատավորներ արդեն դիմել էին։

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց մեկնաբանություններից։