Երկարաձգված կարանտինի շրջանում որոշ սահմանափակումների մեղմացումը ժամանակավրեպ է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը։
Եթե նախկինում հանրային միջոցառումներին կարող էին մասնակցել մինչև 60 հոգի, ապա Կառավարության երեկվա որոշմամբ՝ արգելքն այսօրվանից հանվել է։ Գևորգյանի խոսքով, արգելքը կարող էր հանվել դեռ նախորդ տարվա օգոստոս-սեպտեմբերին, երբ վարակման դեպքերի նվազում կար։
«Այն ժամանակ միգուցե հնարավոր էր անել, կարծում ենք, որ հնարավոր էր, բայց, ցավոք սրտի, մենք հետո մտանք պատերազմական փուլ, և այդ ընթացքում արդեն բնական է՝ այդ բոլոր այդպիսի խնդիրները մղվեցին երկրորդ պլան։ Հարցն այդ ժամանակ բարձրաձայնելու ոչ տրամադրություն կար, ոչ էլ համարում էինք, որ դա հրատապ է։ Այս պահին ավելի լավ է, որ գոնե հանվեց հիմա, քան եթե չհանվեր, որովհետև եթե մենք նորից այս խնդիրը չբարձրաձայնեինք, էս սահմանափակումները նույն ձևով գնալու էր ավտոմատ։ Մեր խնդիրն Առողջապահության նախարարություն աշխատաոճի հետ հենց դա է, որ երբ կա ինչ-որ իրենց կարծիքով մասնագիտական բան, որը վերաբերում է հենց իրենց ոլորտին, մենք ընդունում ենք դա, բայց երբ արդեն գալիս է հանրային սննդի հետ կապված, մենք ճիշտ ենք համարում, որ աշխատանքային ինչ-որ խումբ լինի կամ գոնե խորհրդակցության ձևաչափ, որպեսզի մեզնից մեր մասով հարցնեն մեր կարծիքը», - նշեց Վահե Գևորգյանը։
Առողջապահության ոլորտի պատասխանատուներն ասում են, որ այժմ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, նոր դեպքերի նվազման միտում կա։ Հենց սա էլ հաշվի առնելով՝ օրինակ, հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը վերացվեց։ Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցի, կարանտինի ժամկետն էլ կես տարով երկարաձգելով փորձում են վիրուսի տարածման ռիսկը նվազեցնել։
«Կարանտինի որոշմամբ և նրանից բացի սահմանված համաճարակային նորմերով, որոնք ներառում են դիմակ կրելը, սոցիալական հեռավորության ապահովումը, հեռահար աշխատանքի հնարավորությունը ռիսկի խմբերի համար և այլ հակահամաճարակային միջոցառումներ յուրաքանչյուր ոլորտի համար, որոնք սահմանված են և գործում են, ըստ իս այդ բոլոր միջոցառումները ապացուցել են իրենց արդյունավետությունը, քանի որ մենք հիմա փաստացի Հայաստանում ունենք համեմատաբար ստաբիլ համաճարակային իրավիճակ», - ընդգծեց Բակունցը։
Եթե Հայաստանը համաճարակային առումով մրցակցային առավելություն ունի հարևան երկրների նկատմամբ, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ մեր երկիր, հարցնում է Երևանի կենտրոնում մի քանի ռեստորանների հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը. - «Գարնան այն ամիսներին, երբ որ ակնկալվում են մեծ տուրիստային հոսքեր, փորձել այնպես անել, որ այդ սահմանափակումները ցույց տալ, որ հանված են կամ թեթևացված են, որպեսզի այդ հոսքերը կարողանանք ապահովել»։
Հովհաննիսյանը նկատում է՝ միևնույն է հակահամաճարակային կանոնները բոլորի համար են, ավելին՝ նախքան Հայաստան մուտք գործելը, զբոսաշրջիկները կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք պետք է ունենան։
«Հայաստանն այսօր շատ ավելի շահեկան վիճակում է մեր ռեգիոնում նույն Վրաստանի, մյուսների նկատմամբ։ Ինչու չէ, այս տուրիստական սեզոնի բացման սկզբում կարելի է այդ մասին ավելի բարձր խոսել և փորձել այն տուրիստները, որոնք նախկինում գնում էին Վրաստան, փորձել նույն ռուսական հոսքը ուղղել դեպի Հայաստան։ Դա մեր տնտեսությանը բավականին շունչ կհաղորդի։ Էդ փոքր քանակը տուրիստների մեր համաճարակային իրավիճակում դժվար թե ինչ-որ բան փոխի, միևնույն է մենք արդեն կիրառում ենք այդ հակահամաճարակային կանոններն ու այդ պայմաններում 10 կամ 20 հազար ավելի մարդը դժվար թե ինչ-որ վատթարացնի մեր իրավիճակն առավել ևս, որ այդ մարդիկ նախօրոք ստուգվում են», - ընդգծեց Արսեն Հովհաննիսյանը։