Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը երկարաձգելու ներկայացված նախագծին


Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը վեց ամսով երկարաձգելու Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։

Թեև Առողջապահության նախարարությունից պնդում են, որ կառավարություն ուղարկված նախագծում նոր փոփոխություններ չկան, այդուհանդերձ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարճ արձագանքել է, թե ինչո՞ւ են դեմ նախագծին:

«Մենք դեմ ենք այդ որոշմանը: Իրականում Առողջապահության նախարարության խոսնակը մի քիչ շտապել է, որովհետև այդ որոշումը չի քննարկվել Էկոնոմիկայի նախարարության հետ, դա առաջարկ է: Մենք դա կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանանք որոշակիորեն այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնվել, բայց այն, որ տնտեսությանը հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, դա միանշանակ է և պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի», - նշել է Քերոբյանը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն, արձագանքելով նախարար Քերոբյանի մտահոգությանը, թե բիզնեսին թթվածին է պետք, գրել է. «Անցած ամիսներին էլ կորոնավիրուսիային հիվանդությամբ բուժվող անձանց էր թթվածին անհրաժեշտ, ինչն Առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է: Մենք լիահույս ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանք չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»։

Ըստ Ալինա Նիկողոսյանի՝ մինչև այսօր Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 160 հազար դեպք՝ 2901 մահվան ելքով: Խոսնակը նաև ընդգծել է՝ ելնելով միջազգային որոշ գնահատականներից՝ մինչև ապրիլի 1-ը Հայաստանում կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930: Նախարարությունից պնդում են՝ նա՛և այս վիճակագրությունն ու վիրուսի կանխատեսվող 3-րդ ալիքի բռնկումն է կարանտինը երկարաձգելու պատճառ հանդիսացել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ տարօրինակ են, ռեստորանային բիզնեսի մտահոգությունները, հատկապես, եթե օրենքի նախագծում ամեն ինչ նույնն է մնում, պարզապես առաջարկում են կարանտինը կես տարով երկարաձգել:

«Այս պայմաններում, երբ որ աշխարհում աճ է գնում, երբ որ աշխարհում բոլոր տեղերը խստացնում են, մի լոքդաունի պահանջները չավարտված ավելի խստացվածն են ներմուծում: Ուզում էին շուտ ավարտեին, ստիպված են նորից երկարաձգել և էլի դեռ չի կայունացել, էլ չեմ ասում նվազեցման մասին, հանկարծ մենք, լավ, ի՞նչ հիմք ընդունենք, եղած ռիսկերը նվազեցնելու փոխարեն ինչպե՞ս կարող ենք դիմել ինչ-որ քայլերի, որոնք միմիայն ավելացնելու են հիվանդացության ռիսկը: Անպայման չի, որ ենթադրենք այն երկրում, որտեղ կա խիստ սահմանափակում, այնտեղից ոչ ոք չի դուրս գալիս, հակառակը՝ այնտեղ ոչ ոք ներս չի մտնում», - ասաց Բակունցը:

Ռեստորանների հայկական միությունն այսօր տարածած հայտարարությամբ հստակեցրել է առաջարկ-պահանջները. վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները, դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումներն ու վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը։

Միության անդամ մի քանի տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ՝ իրենց 35 հազար աշխատակիցներով կրկին հորդորում են Առողջապահության նախարարությանը, որ հանրային սննդի ու սպասարկման ոլորտին առնչվող որոշումներ կայացնելիս նաև իրենց առաջարկները լսեն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենն էլ ասում է, որ օրինակ՝ եթե արտերկրից եկող քաղաքացին չունենա 72 ժամվա վաղեմությամբ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանն, ապա չի կարող Հայաստան մտնել։ «Ազատության» զրուցակիցն ընդգծում է՝ սա այն է, ինչ պահանջում է Ռեստորանների հայկական միությունը, իսկ եթե ժամանակավրեպ սահմանափակումներ ասելով նկատի ունեն մարդկանց մեծաթիվ խմբերով սեղանի շուրջ նստելն, ապա դա խախտում է սոցիալական հեռավորությունը, սնվելիս մարդիկ հանում են դիմակներն, այսպիսով, մեծանում է վարակվելու ռիսկը:

«Պակաս չկա այն դեպքերի, երբ որ մի հիվանդ, որը չի իմացել, որ ինքը կորոնավիրուս կրող է, վարակել է իր սեղանակիցներին՝ 30-40 հոգի մեկ ժամվա ընթացքում՝ այդ սերտ շփման արդյունքում: Այսինքն այն առաջարկները, որոնք հանրային սննդի կամ ռեստորանային ասոցիացիայի տեսակետից թվում են ժամանակավրեպ, դրանք բոլորովին ժամանակավրեպ չեն: Հակառակը՝ դրանք գիտականորեն ապացուցված ռիսկի գործոններ են: Հնարավոր է, որ եթե դա փոխվի ռեստորանային բիզնեսը ավելի շատ հաճախորդ ունենա, բայց այդ հաճախորդները հետո կհիվանդանան, այդ հիվանդների և հետագա հիվանդացության աճի հետ ո՞վ է հետագայում գործ ունենալու», - նշեց Նունե Բակունցը:

Առողջապահության նախարարությունից պնդում են, որ ներկայացվածը դեռ նախագիծ է և իրենք պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ ու հիմնված ապացուցողական լավագույն օրինակի վրա:

XS
SM
MD
LG