ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հնարավոր է Թրամփին իշխանությունից հեռացնելու կոչով դիմի Փենսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Հնարավոր է, որ այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դիմի երկրի փոխնախագահ Մայք Փենսին՝ հորդորելով հեռացնել իշխանությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերը կխնդրի միաձայն ընդունել բանաձևը, որը փոխնախագահին կոչ է անում մոբիլիզացնել կաբինետը և Սահմանադրության 25-րդ լրամշակումից օգտվելով անաշխատունակ ճանաչել նախագահին, ինչից հետո փոխնախագահն անմիջապես ստանձնում է նախագահի պարտականությունները, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ըստ նրա, եթե միաձայն որոշում չստացվի, վաղը փաստաթուղթը կներկայացվի Պալատի լիագումար նիստին:

Դեմոկրատները Դոնալդ Թրամփին մեղադրում են բռնություն և անկարգություններ հրահրելու մեջ՝ պնդելով, որ հունվարի 6-ին հենց նրա գործողություններն են դրդել ամբոխին ներխուժել Կապիտոլիում:

Իմփիչմենթի նախաձեռնությունը Սպիտակ տունն ավելի վաղ անվանել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և համոզմունք հայտնել, որ նման քայլը միայն կմեծացնի պառակտումը ամերիկյան հասարակության մեջ: