Ըստ Կրեմլի` Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվելու է հայտարարության կատարման ընթացքը

Կրեմլը այսօր պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ բանակցությունների մասին տեղեկությունները։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայանալու են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները», - նշված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Նախատեսվում է անդրադառնալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարության կատարման ընթացքին, ինչպես նաև քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնության տրամադրմանը, ինչպես նաև առևտրա-տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը», - նշված է Կրեմլի կայքում։

Հիշեցնենք, որ քիչ ավելի վաղ Հայաստանի վարչապետի աշխատակազմից ևս հաստատեցին, որ հանդիպումը նախատեսված է: