Ամերիկացիների մեծամասնությունը, ըստ հարցման, կողմ է, որ Թրամփն անհապաղ պաշտոնանկ արվի

Ամերիկացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, ցանկանում է, որ նախագահ Դոնալդ Թրամփն անհապաղ կերպով լքի Սպիտակ տունը՝ չսպասելով ընտրյալ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։ Դա են վկայում Reuters գործակալության և IPSOS սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են անցած գիշեր։

Հետազոտության համաձայն` ամերիկացիների երկու երրորդից ավելին՝ 70 տոկոսը, դատապարտում է հունվարի վեցին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին նախորդած ժամերին Թրամփի ձեռնարկած գործողություններն ու հտետորաբանությունը։

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրավմանը նախորդել էր Թրամփի կողմնակիցների՝ Վաշինգտոնի կենտրոնում կազմակերպված հանրահավաքը, որի ընթացքում գործող նախագահը իր աջակիցներին կոչ էր արել քայլերթով շարժվել դեպի Կապիտոլիում և «կռիվ տալ»։ Reuters-ի և IPSOS-ի հարցման համաձայն` Թրամփի այս քայլերը դժգոհություն են առաջացնում ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ նոյեմբերի 3-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի օգտին քվեարկած ամերիկացիների 70 տոկոսը դատապարտում է Կապիտոլիումի գրավումը։