Կառավարությունից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են լուրերը, թե Փաշինյանը 3 օրից մեկնելու է Մոսկվա

Կառավարությունից դեռ ոչ հաստատում են, ոչ էլ հերքում տարածվող տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին մեկնելու է Մոսկվա:

Մինչ այդ վարչապետը Ֆեյսբուքում եռակողմ հայտարարության՝ հայկական կողմի առաջնահերթություններն է ներկայացրել: Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Եվ երկրորդ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: «Ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան: Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն», - նշել է վարչապետը:

Ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնական լուրեր են հայտնվում, թե Ադրբեջանը Մեղրիով միջանցք է ստանալու Նախիջևանի հետ կապվելու համար: Տելեգրամի ալիքներից մեկն էլ երեկ տեղեկություն տարածեց, թե վարչապետ Փաշինյանն առաջիկայում Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահին ու ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով իբր ամրագրելու է Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։

Լուրը մի խումբ քաղաքացիների ու ընդդիմադիրների այսօր Արդարադատության նախարարության շենքի առաջ էր հավաքել: Նրանց չէր համոզել նաև նախարարի՝ երեկ երեկոյան տարածած հերքումը՝ Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։

«Մենք իրավունք չունենք այս պահին լռել, և մենք պարտավոր ենք և այդպես էլ անում ենք, պարզաբանումներ պահանջել առաջին հերթին Արդարադատության նախարարությունից այն մասին, թե արդյոք այդ փաստաթուղթը, որի մասին խոսք է գնում, Արդարադատության նախարարությունում գտնվում է, թե չի գտնվում», - ասաց հավաքի նախաձեռնողներից Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը վստահ է՝ այն ինչ հրապարակվել է տելեգրամյան ալիքում իրականությանը մոտ է։ Հստակ հավաստիացումներ ստանալու համար, որ տարածվող լուրերը սուտ են, հավաքի մասնակիցները ցանկանում էին լսել հենց Արդարադատության նախարարության որևէ ներկայացուցչից՝ դեմ առ դեմ: Որոշ ժամանակ անց նրանց մոտեցավ նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նոր ոճ է ի հայտ եկել. ինչ-որ տելեգրամյան անհայտ ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում, որի վրա նաև հետո տարածում են մեր մյուս զանգվածային լրատվության միջոցները և հասարակությունում առաջանում են հուզումներ, առաջանում են սխալ տեղեկությունների հիման վրա անհանգստություններ: Ես կոչ եմ անում ուղղակի չմոռանալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին», - ասաց Բադասյանը:

Հավաքի մասնակիցներին, որոնց թվում նաև ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն էր, նախարարի հերքումները լիովին վստահություն չներշնչեցին: «Քանի որ այդպիսի փաստաթուղթը չի կարող ապագայում օդից ծնվել, գալ առանց էս ընթացակարգն անցնելու, առանց նախարարությունում առկայության, այս պահի դրության հավաստիության կանխավարկածով պետք է մենք շարժվենք, բայց սա չի նշանակում, որ մեր պայքարը ավարտվում է: Քանի որ հարց եղավ Շուռնուխի, Որոտանի և բոլոր մասերով, մենք հիմա դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ», - ասաց Մինասյանը:

«Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և այդ հայտարարությունն այստեղ արեց, այս պահի համար դրական փաստ, բայց հետագայի համար, մենք այս փաստն օգտագործելու ենք, եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին», - նշեց Ռուբեն Մելիքյանը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում ևս հերքեց տեղեկությունը, թե ընդհանրապես նման փաստաթուղթ գոյություն ունի։