Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի, համաձայնագրի իրագործման առաջնահերթությունը գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, նաև մարմինների լիարժեք փոխանակումն է


Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում։

Վարչապետը կարևորել է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

Հաջորդ կարևոր հարցն, ըստ Փաշինյանի, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, ինչը, վարչապետի փոխանցմամբ, նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:

«Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն», - գրել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի գերիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանում պահվում է 5 հայ գերի՝ 2-ը՝ զինվորական, 3-ը՝ քաղաքացիական անձինք։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները Ադրբեջանում գտնվող հայ գերիների և ռազմագերիների մասին թվեր չեն հրապարակում։

Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ, որ այժմ Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերիներ են պահվում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ընդամենը 5 գերեվարվածների մասին խոսելով պարզապես չարաշահում է հայկական իշխանությունների անօգնական վիճակը։

Ընդհանուր առմամբ պատերազմից հետո Հայաստան վերադարձված գերիների թիվը 54 է, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։ 14 անձ էլ վերադարձվել է Բաքու, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG