Եվրահանձնաժողովին խնդրել են պատվաստանյութի հարցով օգնել Արևելյան գործընկերության երկրներին

COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը, արխիվ

Եվրամիության անդամ 13 երկրներ դիմել են գործադիր մարմին Եվրահանձնաժողովին՝ հորդորելով Արևելյան գործընկերությունում ընդգրկված 6 երկրներին օգնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու գործում։

Այդ երկրների ԱԳ նախարարների ստորագրած համատեղ նամակի պատճենը Թվիթերի իր էջում հրապարակել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։

«Մենք գտնում ենք, որ մեր սահմաններն անվտանգ չեն լինի, եթե մենք աջակցություն չցուցաբերենք մոտիկ հարևաններին», - գրել են ԵՄ 13 երկրների արտգործնախարարներն ու ընդգծել․ - «2021 թվականի առաջին կիսամյակում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամկետը մոտենալու համատեքստում անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ազդանշան Արևելյան գործընկերության ռազմավարական արժեքների մասին։ Պատվաստանյութի հասանելիության և բաշխման դյուրացումը կարող է նման ազդանշանի կարևոր տարր լինել»։

ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների թվում է նաև Հայաստանը։