Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագին չէր մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա խոսնակ Մանե Գևորգյանի խոսքով՝ վարչապետը կորոնավիրուսի համավարակի պատճառով ինքնամեկուսացել է։ Խոսնակն այլ բացատրություն չի ներկայացրել, թե որտեղ, ինչու է մեկուսացել ամռանը արդեն կորոնավիրուսով վարակված վարչապետը, և որքան է տևելու այդ մեկուսացումը։
Մի խումբ քաղաքացիներ երեկ հայտարարել էին, որ առավոտյան փորձելու են արգելել վարչապետի մուտքը եկեղեցի։
Ինքը Փաշինյանը պատարագի մեկնարկից առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ՝ աստվածաշնչյան մեջբերմամբ շնորհավորելով Սուրբ Ծնունդը. - « Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի»։
Սուրբ Ծնունդը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանը, որն այժմ Լոնդոնում բուժվում է կորոնավիրուսից։ «Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնն է։ Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի՝ այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։ Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն՝ կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ», - մասնավորապես ասված է նախագահի ուղերձում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագին չէին մասնակցում նաև Հայաստանի մյուս շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ամեն տարի Սուրբ Ծննդյան պատարագին զբաղեցնում էին առաջին շարքերը, օրինակ՝ Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և այլոք։ Պատարագին բարձրաստիճան պաշտոնյաներից մասնակցում էր Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել: Կարծում եմ, որ այսօր որևէ այլ հարցի մասին խոսելը տեղին չէ: Մենք առիթներ միշտ ենք ունենում, առաջիկայում էլ կունենանք առիթներ: Ես ուղղակի այսօր ուզում եմ իմ շնորհավորանքը փոխանցել մեր ամբողջ ազգին, քրիստոնյա ժողովրդին, և ուզում եմ, որ այսօրվա խորհուրդը ամենայն խորը գիտակցումով մենք ընկալենք, և այս ամբողջ օրը և ամեն օր մենք աղոթենք, որպեսզի աստվածային փրկության շնորհը մեր ժողովրդի վրա գա: Այլ ճանապարհ այս դժվարագույն իրավիճակներից դուրս գալու ես չեմ տեսնում», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը մեկ ամիս առաջ վարչապետ Փաշինյանին հորդորել էր հրաժարական տալ, պատգամով դիմելով հայ քրիստոնյաներին ասաց՝ պատերազմի սպառնալիքներին դիմադրելու համար չի դրսևորվել անհրաժեշտ զգոնություն, և հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվել է նեղ ձգտումներին ու նկրտումներին:
«Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս: Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ», - հայտարարեց Վեհափառը:
Գարեգին երկրորդը, հղում անելով Ավետարանին, ասաց՝ «ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է»։ «Մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքների մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների, գերեվարված և անհայտ կորած հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում և սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, այս մղձավանջային իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն», - հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ», - ասաց Վեհափառը, հավատացյալներն արձագանքեցին․ - «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
«Հուզված դիմավորեցինք Սուրբ Ծնունդը, Ամենակարողից խաղաղություն ու առողջություն խնդրելով», - ասացին եկեղեցի այցելած քաղաքացիները։
«Միակ մեր սփոփանքը Աստծուն հավատալն է, տեսնենք ինչ կլինի։ Ամեն ինչ թողել ենք Աստծո հույսի վրա։ Առաջ որ մեծերը ասում էին՝ խաղաղություն ու առողջություն, երևի էդքան խորը իմաստը չէինք պատկերացնում, հիմա արդեն քանի գնում՝ հասկանում ենք իր իսկական, բուն իմաստը։ Առաջին հերթին խաղաղության ու անփորձանք տարի լինի», - «Ազատության» հետ զրույցում նշեց մի կին։