Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Տոնի առթիվ նախօրեին եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը Սուրբ Գայանե վանքում հանդիսապետում էր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, բարերարները և բազում ուխտավորներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Մինչ պատարագը կատարվեց երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ:
Պատարագի ընթացքում Մուշեղ սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ նշելով, որ ամենքը կրկին իրենց քայլերն ուղղել են եկեղեցիներ՝ զորանալու և խաղաղվելու փափագով։ «Խաղաղությունն է միացնում մեզ։ Խաղաղության փնտրտուքով է ազգը հայոց փարվել Քրիստոսին, ընդունել Նրա իշխանությունը և ապավինել Նրա անսահման խաղաղությանը։ Խաղաղաբեր այդ հզոր Իշխանի շուրջն ենք համախմբվել միշտ՝ զորանալու Նրանով և հույսով լցվելու։ Եվ այս պահին, սիրելի հավատացյալներ, այդ հզոր Իշխանի ծննդյան ավետիսն է, որ հրեշտակների կողմից փողահարվում է ի լուր աշխարհի. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, Ձեզ եւ մեզ մեծ աւետիս», - ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
«Սիրելիներ, արդեն ամիսներ է, ինչ մեր ազգը չի ուրախանում, երբ մեր ազգի գրեթե յուրաքանչյուր զավակի դեմքին ուրախությունը կիսատ է, ժպիտը ցավով լեցուն։ Կարծես դատարկվել է մարդը՝ զրկվել ինքնության արժեհամակարգից և պարզապես ապրում է օրը՝ ֆիզիկական գոյությամբ։ … Հայրենազրկության և պարտության իրականությունն է յուրաքանչյուրիս աչքի առաջ, որ հանդարտություն չի տալիս ո´չ մտքին, ո´չ սրտին, ո´չ հոգուն, և ո´չ էլ մարմնին։ Կորստի անսահման զգացողություն և սպասումի անհաղթահարելի դող հայրերի, մայրերի, քույրերի, կանաց և զավակների դեմքին», - ասաց սրբազանը՝ շարունակելով. - «Այսօր, երբ մեր հայրենիքը և մեր ժողովուրդը թշնամիներով է շրջապատված, երբ իր անկայուն խաղաղությունը պահում է իր որդիների արյան գնով, երբ պայքարում և մաքառում է իր իրավունքների համար առավել քան երբևէ, ուժեղ պետք է լինենք, համախումբ, միաբան և սիրով պետք է հավատանք վաղվա լուսավոր օրվան, պետք է չկորցնենք մեր հավատը Աստծո արդարության և ողորմածության հանդեպ»:
Հավարտ պատարագի, նախատոնակի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ պատարագ է մատուցվում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագին ներկա չէ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը փոխանցել է. - «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։