Ադրբեջանական սոցցանցերում երեկվանից տարածվում են տեսանյութեր, որտեղ ենթադրաբար երևում են Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմինները։ Պաշտպանության բանակն այսօր հայտնեց, որ փորձում է պարզել սպանվածների ինքնությունը։ Գերատեսչությունը չի բացառում, որ նրանք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիներ են, որոնք դաժանորեն սպանվել են։
Օրեր առաջ ադրբեջանական կողմը պնդեց, թե Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում «ադրբեջանական ստորաբաժանման վրա հարձակվել է կա՛մ հայկական զինված խումբ, կա՛մ տարածքում հայկական զինված ուժերից մնացած 6 հոգանոց ջոկատ»։ Ադրբեջանը հայտնեց, որ հայկական կողմից վեց հոգի է սպանվել, իրենց կողմից՝ մեկը։ Պաշտպանության բանակն ի պատասխան հայտարարում է՝ ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նախորդող և ոչ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չի արձակել։ Տող և այսօրվա հաղորդագրության մեջ նշված Հակակու գյուղերը իրար մոտ են գտնվում։
Դեկտեմբերի 27-ին հայտնի դարձած միջադեպի հաջորդ օրը ադրբեջանական կողմը մեկ օրով արգելեց որոնողական աշխատանքներ իրականացնել Հադրութի շրջանում։ Երեկ էլ փրկարարներին Ֆիզիուլիի հատված չէին թույլատրել մտնել։ Այսօր արդեն ֆիզուլիում հայ փրկարարները կարողացել են աշխատել, բայց հակառակ նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, աշխատանքներն արգելվել են Կուբաթլուի հատվածում։ Ադրբեջանցիները բացատրություն կրկին չեն տվել։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը երկու վարկած է առաջ քաշում. «Այնտեղ հիմա, օրինակ, Հադրութում, Ֆիզուլիում, Աղդամում, էդ տարածքներում իրենք սկսել են շինարարական մեծ աշխատանքներ կատարել, հատկապես Հադրութում, կարծում եմ, որ դրա հետ է կապված։ Մեկ այլ վարկած կա, որ գուցե այդ տարածքում կան ողջ մնացած զինծառայողներ, ովքեր դեռևս գտնվում են անորոշության մեջ և նրանց ճակատագրի մասին անգամ մենք չգիտենք, գուցե դրա հետ է կապված, որ իրենք են նախապես իրականացնում որոնողական աշխատանք, որպեսզի եթե գտնեն գերի վերցնեն։ Ամեն հավանական տարբերակ մենք այստեղ մտածում ենք, քննարկում ենք»։
Նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների ընթացքում 1133 աճյուն է հայտնաբերվել։ Նաև ինը ողջ մարդ գտնվեց։ Նրանցից վեցը զինծառայողներ էին, որոնք 70 օր անհետ կորած էին համարվում։ զինծառայողները պատմել էին, թե ինչպես են կարողացել փրկվել։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը անթույլատրելի է համարում, որ զինվորների պատմությունը հրապարակային դարձավ բոլոր մանրամասներով, իսկ հատուկ ծառայությունները չկանխեցին կարևոր տեղեկատվության արտահոսքը։
«Այս ողջ պատմության մեջ փրկված զինվորները բացարձակապես ոչ մի մեղք չունեն, ողջ մեղքը հայաստանյան հատուկ ծառայությունների վրա է, նրանք պետք է զինվորների վերադարձից անմիջապես հետո նրանց վերցնեին հատուկ ուշադրության կենտրոնում, ողջ տեղեկատվությունը ունենային իրենք և դա չպետք է լիներ հրապարակային, չպետք է հրապարակվեր ընդհանրապես և փորձեին փրկել մնացածներին։ Դեռ այդ օրերին, երբ զինվորները վերադարձել էին, զարմանք էր հարուցում, որ զինվորների ծնողները, իրենք զինվորները տարբեր լրատվամիջոցների տեղեկություններ էին հաղորդում իրենց անցած ուղու մասին, իրենց հետ եղած այլ զինվորների և այս խմբերի մասին։ Բնական է, որ հակառակորդը դա նույնպես լսում է, նրանք փաստորեն օգտվել են այդ տեղեկությունից և իրականացրել են գործողություններ, մի բան, որ պետք է կանխվեր մերոնց կողմից։ Ե՛վ բանակային ստորաբաժանման հատուկ ծառայությունները պետք է լինեն, և՛ ԱԱԾ-ն պետք է լինի, մարդիկ պետք է աշխատեն, իսկ մարդիկ չեն աշխատում», - նշեց Հարությունյանը։
Զինվորների վերադարձի մասին գրեց նաև Արցախի նախագահը, տեսակցության գնաց նրանց, խոսեց, թե ինչպես է կապ ստեղծվել և այլն։ Իրավապաշտպանը նշում է՝ մարդիկ չեն հասկանում պահի լրջությունը։ «Իհարկե, գնալ, նրանց տեսնել, ասել, որ փրկված զինվորներ կան, կարելի է, բայց հակառակորդին մոլորեցնելու խնդիր պետք է լուծվի։ Այսինքն այդ զինվորների անունից պետք է հայտարարվեր, որ իրենք եղել են ընդամենը վեցը և վեցով էլ փրկվել են, որպեսզի չփրկվածներին վտանգի չենթարկեն», - ասաց Վարդան Հարությունյանը։
«Պատերազմի առաջին իսկ օրից իշխանությունները փորձում են լավ լուրեր հաղորդել, մեզ պետք չէ լավ լուր, մեզ պետք է ճիշտ լուր, և դա պետք է արվի պրոֆեսիոնալ»,- ընդգծում է իրավապաշտպանը։ «Էդ ինֆորմացիան չպետք է դուրս գար հատուկ ծառայությունների և այդ երիտասարդների երկխոսությունից այն կողմ։ Այն, ինչ որ արվել է երիտասարդների փրկությունից հետո, դա նույնպես պրոֆեսիոնալ չէ։ Այն հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք կփորձեն ներկայացնել իրենց որպես բնագավառի մասնագետներ, նրանց կարելի է ընդամենն ասել, որ նրանք այդ մասնագետը չեն», - հավելեց նա։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է գերիների, թաքնված զինվորականների, անհետ կորածների մասին հրապարակումներ անելիս առաջնորդվել չվնասելու սկզբունքով։ Ասում է՝ սա կարևոր է նրանց կյանքի, անվտանգության և առողջության երաշխավորման համար։
«Երբ, օրինակ, գերությունից վերադարձած մեր հայրենակցի հետ լրագրողը հարցազրույց է վարում, և նա մանրամասն պատմում է՝ ինչ է տեղի ունեցել, խոշտանգման ենթարկվել է, թե ոչ, ինչ եղանակով և որտեղ, դա միանշանակ կերպով վնաս է պատճառում այն անձանց, ովքեր դեռևս գտնվում են այնտեղ և այստեղ պետք է պրոֆեսիոնալ...։ Օրինակ՝ մենք ինքներս էլ անում ենք այդ հրապարակումները, այլ պետական մարմիններ, բայց միշտ պետք է այդ ճիշտ սկզբունքները նկատի ունենալով անել։ Դրանից բացի մենք պետք է նկատի ունենանք, որ լուսաբանումը նաև հետո, երբ մեր հայրենակիցները վերադառնան, նրանց կյանքի պայմանների հետ կապված, մասնավոր կյանքի, հետագայում կյանքը նորմալ հունով կառուցելու հարցերի հետ կապված նույնպես խնդիրներ կարող են առաջանալ։
Ինչ վերաբերում է թաքնվել անտառներում, այստեղ նույնպես պետք է շատ զգույշ լինել, անգամ պետք է ձեռնպահ մնան պետական մարմինները որևէ տեղեկություն հրապարակելուց, որը վերաբերում է, օրինակ, թե որ վայրում ում են գտել, ինչ են արել, որովհետև պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի իշխանություններն էլ ակնհայտորեն հետևում են գործընթացին և իրենք տեսնում են, չէ՞, էդ վայրերում նշանակում է մարդիկ կան։ Դա կարող է վտանգել մարդկանց, հետևաբար, ուզում եմ նաև խնդրել մեր ողջ հանրությունը, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան, չափից շատ էմոցիոնալ մեր արձագանքը, անզգուշ միգուցե մի տեղ արտահայտությունը, նաև պայմանավորված զայրույթով, ուրախությամբ, կարող է հետագայում օգտագործվել նաև հենց մեր դեմ, մեր տղաների դեմ։ Հետևաբար այս հարցերում պետք է այդ զգուշությունը ցուցաբերել», - նշեց Թաթոյանը։