Զոհրաբյանը քաղաքական հաշվեհարդար է որակում հանձնաժողովի նախագահից իրեն ազատելու նախաձեռնությունը

Քաղաքական հաշվեհարդար, որի հեղինակը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես է արձագանքում իրեն՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու վերաբերյալ իշխող ուժի նախաձեռնությանը։

«Ես համաձայն եմ երեկ Լարիսա Ալավերդյանի հայտնած տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ինձ չեզոքացնել, որպեսզի ես չկարողանամ այլևս որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ միջազգային կառույցներին ներկայացնել իր եղբայր, իր կիրթ գործընկեր Ալիևի և Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները», - ասաց Զոհրաբյանը:

Ինչո՞ւ է «Իմ քայլը» ցանկանում Զոհրաբյանին հեռացնել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից, խմբակցությունն իր հեղինակած օրինագծում է հիմնավորումները բերել. պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներն են պատճառը, որոնք, ըստ իշխող ուժի, անհնար են դարձնում Զոհրաբյանի պաշտոնավարումը Մարդու իրավունքների հարցով զբաղվող հանձնաժողովում։ Օրինագծում մեջբերվում է Զոհրաբյանի գրառումներից մեկը. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։

«Կարծում եմ, որ մենք շատ ճիշտ որոշում ենք կայացրել` հատկապես հաշվի առնելով այն վերջին կարմիր գիծը, որ տիկին Զոհրաբյանը կարող էր հատել Հայաստանի Հանրապետության սահմանադրին` ժողովրդին ժեխ անվանելով և նրա հանրային իշխանության մարմիններ ձևավորելու հիմնարար քաղաքական իրավունքը հարցականի տակ դնելով», - ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Հայերենի տարբեր բառարաններում «ժեխ» բառին տարբեր բացատրություններ է տրվում, այդ թվում՝ տան աղբ, մարդու կղանք, ցախ։ Զոհրաբյանն այսօր պնդեց, թե ինքն այլ իմաստով է այդ բառը գործածել. «Բացեք Սուքիասյանի բառարանը, ժեխի հոմանիշն անմաքուրն է, ժեխի հոմանիշը, դուք գիտեք, ինչն է ժեխի հոմանիշը, նշանակում է, որ անմաքուր մարդիկ, այո, փորձում են սատարել մի մարդու և սատարում են, ով հանձնել է Արցախը»:

Զոհրաբյանն իշխող ուժի նախաձեռնությունը հակասահմանադրական որակեց։ Պատգամավորն այսօր հայտարարեց նաև, որ ինքը տեղեկություններ է ստացել, որ իշխանություններն ավելի վաղ իր դեմ փորձել են քրեական գործ հարուցել, ինչի համար հիմք չեն ունեցել, այդ իսկ պատճառով գնացել են իրեն Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու քայլին։

Նույն հանձնաժողովի անդամ, իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանն անհեթեթ է համարում Զոհրաբյանի հայտարարությունները։ Պատգամավորն արձագանքում է նաև հնչող այն տեսակետին, թե իրենք ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն են ունեցել և հիմա քաղաքական դրդապատճառներով են նման օրինագիծ հեղինակել. «Զոհրաբյանի պաշտոնավարման առաջին ամիսներից հետո արդեն իսկ պարզ էր, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ նա չի կարող լինել, պարզապես մեր գնահատմամբ` սա այն վերջին կարմիր գիծն էր, որից հետո արդեն հույս որևիցե չկա, որ ոչ թե մարդու իրավունքների օրակարգը առաջ չի մղում, այլ ամեն առիթից օգտվում է այն ոտնահարելու համար, մարդկանց արժանապատվությունը նսեմացնելու համար, և արդեն հերթը հասել է ժողովրդին»:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից ԲՀԿ-ական պատգամավորին ազատելու վերաբերյալ նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի օրակարգում, այն ամենայն հավանականությամբ կքննարկվի վաղը: