Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:
Որպես հիմնավորում, «Իմ քայլի» նախագծում նշված է, որ Նաիրա Զոհրաբյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները, և, որ նա բազմիցս հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ:
Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ընդունո՞ւմ է, որ վիրավորել է մարդկանց, պատասխանեց՝ ոչ, ընդդծեց՝ սա քաղաքական հետապնդում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Ազատության» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ինքը վաղուց էր ուզում թողնել այդ պաշտոնը, որ ավելի ազատ լինի: ԲՀԿ-ական ընդդիմադիր պատգամավորն «Իմ քայլը»-ին հորդորեց՝ իր խոսքերի փոխարեն վարչապետի ելույթները քննարկեն։ Զոհրաբյանը նաև հավելեց՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան իր էջում կիսվել էր մի տեսանյութով, որում հայհոյանքներ ու բռնության կոչեր հնչեցնող զինվորական հագուստով տղամարդկանցից մեկը մեկ այլ տեսանյութում իր հասցեին անվայելուչ խոսքեր էր ասել։ Նշված տեսանյութն, ի դեպ, Լենա Նազարյանը հեռացրել է իր էջից, բայց Զոհրաբյանն ասաց՝ «սքրինշոթ» ունեն։
«Եթե իրենք այդքան արդար են, ապա ինչո՞ւ չեն պահանջում դադարեցնել, օրինակ, Լենա Նազարյանի՝ Ազգային ժողովի փոխնախագահի լիազորություններն, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր և, ես չգիտեմ զինվոր էր, թե..., որն անում էր բռնության կոչեր և հազար ներողություն պիտի կրկնեմ բառերը, ասում էր՝ Նաիրա Զոհրաբյան, ներքնաշորի բառն ինքն ասում էր այնպես, ինչպես կա, այս ներքնաշորս ուտես: Եթե իրենք այդքան ազնիվ են, ապա ինչո՞ւ չեն արձագանքում վարչապետի՝ վնգստացող դատավորներ, մեր դիվանագետներին իր որակումը՝ կոշիկ լպստողներ, վնգստացողներ, ծեփեմ պատերին, ծեփեմ ասֆալտին, այսինքն ակնհայտ է, որ մենք այստեղ գործ ունենք բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հետ: Ովքեր Արցախի հանձնումը համարում են ճիշտ և ասում են, որ Նիկոլը ճիշտ է արել, ովքեր սատարում են, այո, բոլոր նրանց ես համարում եմ, եթե մենք նայում ենք հոմանիշների բառարանը, ժեխ, դրա հոմանիշն անմաքուրն է, աղտեղությունն է, այո, բոլոր նրանց ես համարում եմ անմաքուր մարդիկ և բոլոր նրանցից ես պաշտպանելու եմ իմ հայրենիքը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը ևս Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա ուշացած որոշում է, որ իրենց բազմիցս են դիմել տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ ու քաղաքացիներ, և որ այս հարցն ավելի վաղ պետք է լուծվեր։ Խանդանյանի խոսքով՝ Զոհրաբյանը հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը կասկածի տակ է դրել, պիտակավորել նրանց։ Իսկ Զոհրաբյանի հորդորին, թե քննարկեք նաև վարչապետի ու ԱԺ փոխնախագահի հարցը, Խանդանյանն արձագանքեց. «Նաիրա Զոհրաբյանը կոնկրետ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ և երրորդ հոդվածները և վիրավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը: Ինչ վերաբերում է, թե ինչ են միմյանց ասում քաղաքական դերակատարները կամ ինչպիսի քաղաքական խոսք է հնչում քաղաքական գործիչների նկատմամբ, դա լրիվ այլ տիրույթի հարց է: Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները: Նա Հայաստանի Հանրապետություն հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը կասկածի տակ է դնում և պիտակավորում է շատ գռեհիկ բառապաշարով, այս քայլն արդարացում չունի և չեմ ցանկանում արձագանքել, թե ինչ է ասում տիկին Զոհրաբյանը»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, թե իրենք վաղուց էին տարբեր հայտարարություններով հանդես եկել, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել։ Իրավապաշտպանը հիշեցրեց՝ Զոհրաբյանն ու իր գործընկերը վերջերս խտրական մի նախագիծ էին ներկայացրել, որով արգելվում էր կնոջն աբորտ անել, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունը կվտանգի կնոջ առողջությունն ու կյանքը։ Իրավապաշտպանը հիշեցրեց նաև տրանսգենդեր կնոջ ելույթն ԱԺ-ում ու դրան հաջորդած Նաիրա Զոհրաբյանի կոշտ արձագանքը։ Սակայն, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, «Իմ քայլն» այսպիսի բոլոր դեպքերում գործուն քայլերի չի դիմել, իսկ այդ ամենից հետո միայն հիմա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու առաջարկն իրավապաշտպանը քաղաքական հետապնդում է որակում։
«Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, այո, նա խտրական պատկերացումների կրող է, և իրավապաշտպանական հանրույթն առաջին անգամ չէ, որ ներկայացնում է այդ պատկերացումներ կրող անձի անհամապատասխանությունը Մարդու իրավունքներ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Երբ հերթը հասնում է միայն իրենց, այդ ժամանակ նոր ուշադրության է արժանանում մարդու անձի խտրական պատկերացումները, իր պաշտոնի հետ անհամապատասխան լինելը: Այս դեպքում ես ևս համարում եմ, որ սա զուտ նրա քաղաքական դիրքորոշման հետ կապված հետապնդում է և ոչ թե նրա խտրական պատկերացումների հետ կապված նրա պաշտոնում անհամատեղելիության դիտարկում, - ասաց իրավապաշտպանը: