Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում հերթական շտաբային վարժանքների կազմակերպմանը, պնդում է ԱԽ-ն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի գրասենյակը պարզաբանմամբ է հանդես եկել երեկ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ:

«Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից», - ասված է պարզաբանման մեջ:

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ Անվտանգության խորհրդից նշում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին. «Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ»:

Ըստ ԱԽ գրասենյակի` ըստ կարգի Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը իրենք ներգրավել են վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։

Հիշեցնենք, որ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ: «Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ», - գրել էր նախկին դեսպանը հրապարակմանը կից:

Հավելենք, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: