Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու մասին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման մասին որոշումը, ասել է փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Խոսքը, ըստ էության, վերաբերում է հենց երեկվա իրադարձություններին նաև Գորիսում: Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ էր արել հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն: