Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման մասին որոշումը, ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Խոսքը, ըստ էության, վերաբերում է հենց երեկվա իրադարձություններին նաև Գորիսում: Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ էր արել հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն: