Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով` կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութը հաստատվել է, մատակարարումները կսկսվեն առանց հապաղելու։ Ավելի վաղ ամերիկյան կառավարության համապատասխան գերատեսչությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ պայքարի համար Moderna-ի արտադրանքին։
Moderna-ի ներկայացուցիչը Bloomberg-ի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը պլանավորում է ԱՄՆ-ին ապահովել մինչև 20 միլիոն չափաբաժնի արտադրանք դեկտեմբերին և 85-100 միլիոն չափաբաժին էլ` 2021 թվականի առաջին եռամսյակում։
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, առաջիններից է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքները։ Դեղամիջոցը համարվում է առաջատարներից մեկը, դրա արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս։