AstraZeneca ընկերությունը հայտարարել է, որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 70 տոկոս։
Ընկերությունը հատուկ ընդգծել է, որ պատվաստանյութը կարելի է պահել Ցելսիուսի սանդղակով 2-ից մինչև 8 աստիճանի պայմաններում։
AstraZeneca-ն պատրաստ է 2021 թվականին արտադրել մինչև 3 միլիարդ չափաբաժին, եթե իր արտադրանքի կիրառումը թույլտվություն ստանա։
Անցած շաբաթ Pfizer կորպորացիան ևս հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին։ Դեղամիջոցը Pfizer-ը մշակել է BioNTech-ի հետ համատեղ։ Ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութի արդյունավետությունն ավելի բարձր է, քան գնահատվում էր ավելի վաղ՝ ոչ թե 90, այլ 95 տոկոս։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի որոնումներ էին սկսվել տասնյակ երկրներում, մշակվել էր ավելի քան հարյուր փորձանմուշ։ Այս պահին առաջատար է համարվում նաև ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը, որի արդյունավետությունը գնահատվում է 94,5 տոկոս: