Էրդողանը կոչ է անում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները դուրս բերել «արատավոր փակ շրջանից»

ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները դուրս բերել «արատավոր փակ շրջանից»։ Այս մասին Թուրքիայի նախագահը նշել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ երեքշաբթի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան ցանկանում է իր ապագան կառուցել ԵՄ հետ միասին»։ Դրա հետ մեկտեղ Անկարան կոչ է անում ԵՄ ղեկավարներին Թուրքիայի հանդեպ ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել։

«Ցանկացած դրական քայլ Անկարայում կընկալեն որպես հնարավորությունների պատուհան», - Էրդողանի խոսքերն է մեջբերել Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։