Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում դռնփակ հանդիպում ունեցավ իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ: Մոտ 2 ժամ տևած հանդիպումից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: «Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և կառավարությունից, և Ազգային ժողովից, բայց քանի որ կային ավելի հրատապ ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացավ այլ ուղղությամբ, մասնավորապես այն խնդիրները, որոնք վերաբերում են ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին», - ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե եթե քննարկվում է Ընտրական օրենսգիրքը, ենթադրվում է, որ հաջորդ տարի նախատեսում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պատգամավորն արձագանքեց` ըստ էության չբացառելով արտահերթ ընտրությունները, սակայն որևէ հստակ ժամկետ չնշելով. «Քանի որ, գիտեք, ճանապարհային քարտեզը հրապարակվել է վարչապետի կողմից, որը վեցամսյա ծրագիր է նախատեսում, հենց այդ ճանապարհային քարտեզում և Կուսակցությունների մասին օրենքը կա, և Ընտրական օրենսգիրքը: Ասեմ, որ այս աշխատանքները դեռևս 2019 թվականի ամռանն են սկսվել, և այս տրամաբանությամբ եկել է մեկ փուլ, որտեղ պետք է որոշումներ կայացվեն: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի հետ կապված անցում կատարվելու է համամասնական ընտրակարգին, թե ոչ, և նմանատիպ այլ որոշումներ: Կուսակցությունների մասին օրենքն ընդունվել է: Գիտեք, որ նաև Ազգային ժողովում այլ ֆրակցիայի կողմից ունեցել ենք աջակցություն, նաև անկախ պատգամավորների, որոնք տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում: Սա տրամաբանական գործողությունների ընթացք է, և այո ես պնդում եմ, որ մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրություններ»:
Հարցին` կարո՞ղ է որևէ ժամկետ հստակեցնել` արտահերթ ընտրությունների անցկացման, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմադիրների կողմից կա կառավարության ղեկավարի առայժմ հրաժարական, որովհետև ընդդիմադիրները հասկանում են, որ այս փուլում խոսել արտահերթ ընտրությունների մասին սեփական վախճանի տակ ստորագրել է»: