Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նա նշել է, որ վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է:
Այդ գրառումից մոտ կես ժամ անց Գևորգյանը նույն սոցիալական ցանցում գրել է. - «Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղեր (Թաղլար) և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:
Մինչ այդ էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի հարավում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը վերաբերող բաժնում այսօր ցերեկը տեղադրված հաղորդագրությունում մեկ նախադասությամբ հիշատակված է միայն երեկվա միջադեպը. - «Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք Հադրութի շրջանում»:
«23 դիտարկման կետերում ռուսաստանցի խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում», - փոխանցում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը: