Ինչպես և վերջերս անցած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական նիստին, այսօր կազմակերպության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի համար միության շրջանակներում առաջնահերթ հարցերին՝ գազի ընդհանուր շուկայի ստեղծմանն ու ԵԱՏՄ երկրներ համավարակի պատճառով ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքին։
Այսօր, սակայն, Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ միության անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը մի շարք խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար։
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի համար չափազանց կարևոր են: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը», - հայտարարեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան այսօր արգելված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Եվ հարյուր հազարավոր հայաստանցի աշխատանքային միգրանտները չեն կարող աշխատել Ռուսաստանում, ինչը նաև հավելյալ խնդիրներ է առաջացնում առանց այդ էլ ճգնաժամում հայտնված Հայաստանի տնտեսության համար։
Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի տվյալները սարսափեցնող են, սակայն երկրի իշխանությունները պարբերաբար վստահեցնում են, որ լոքդաուն չեն հայտարարելու, որոշ սահմանափակումներ, այդուամենայնիվ, գործում են։ Սրա հետ մեկտեղ, այն ոլորտները, որոնցում հիմնականում ներգավված են եղել հայաստանցի աշխատանքային միգրատները, գործում են առանց լուրջ սահմանափակումների, օրինակ՝ շինարարության ոլորտը։
Փաշինյանն այսօրվա ելույթում ևս ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնային հարցերից է եվրասիական ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման հարցը։ Միությունում նման ծրագիր կա, սակայն այն միայն մշակման փուլում է, Հայաստանի ղեկավարը, մինչդեռ, իր բոլոր ելույթներում այս խնդրին անդրադառնում է։
Հիմնականում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը նվիրված էր համաճարակի դեմ պայքարին։ Իր խոսքում Հայաստանի վարչապետը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին այս պայքարում ցուցաբերած աջակցության համար։
Հավելենք՝ Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ղեկավարների նիստին Ռուսատսանի նախագահը հայտարարել էր, որ դժվարին ժամանակաշրջան ապրող Հայաստանի ղեկավարին պետք է աջակցել, և այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր և նիստին ներկա նախագահների անունից աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
«Բոլորս գիտենք, հատկապես Բելառուսում շատ լավ են հասկանում, որ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում։ Եվ թույլ տվեք մեր նիստի բոլոր մասնակիցների անունից հաջողություն մաղթել այս դժվարին պայքարում: Մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս վիճակից, որի պատճառը և՛ միջազգային ասպարեզում, և՛ մեր պետությունների ներսում առկա խնդիրներն են», - հայտարարեց Լուկաշենկոն։