Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորել է ԵԱՏՄ մի շարք երկրներ Covid-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը


Հայաստանի աշխատավոր միգրանտների մի ստվար զանգված հնարավորություն չունի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կաված սահմանափակումների պատճառով։

Այսօր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական հեռավար նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի համար կարևոր է, որ վերացվեն այդ սահմանափակումները։ «Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում», - ընդգծել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունն այնքան արդյունավետ է գործում, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա։ Առաջնային խնդիրների շարքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է գազի ընդհանուր շուկայի ստեղծումը:

«Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նշենք՝ սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը բարձրացնում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հարցը. նախկինում Հայաստանն ու Բելառուսը միասին էին այս հարցը բարձրաձայնում, բայց ընդհանուր էներգետիկ շուկան դեռ քննարկումների փուլում է։

Էներգետիկ շուկան նշանակում է, որ, օրինակ, գազի կամ բենզինի գինը նույնը կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների և այն երկրների համար, ովքեր արտահանում են գազն ու նավթը, ինչպես նաև այն երկրների, որ ներմուծում են դրանք։ Փորձագետներն այս հարցում հոռետես են։

Իսկ ամենից շատ Եվրասիական միջկառավարական հեռավար նիստին անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խոսել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում արվող քայլերից։

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սարսափեցնող է, սակայն երկրում լոքդաուն չի հայտարարվում, թեև առանձին քաղաքներում և մարզերում այն դե ֆակտո գործում է։ Մոսկվայում, օրինակ, դպրոցներն ու բուհերը արդեն մի քանի ամիս է անցել են հեռավար ուսուցման, իսկ Սանկտ Պետերբուրգում փակվում են քաղաքի բոլոր սրճարանները, թանգարանները, ռեստորանները։ Դրանք չեն գործելու նաև Ամանորին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG