Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ խաղաղապահ գործողության սկզբից ի վեր ավելի քան 36 հազար փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ, որոնցից ավելի քան 1130-ը՝ երեկ:
Հիշեցնենք, ՌԴ ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ռուս ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ բուժկետեր են բացել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
«Առաջնային բուժօգնություն տրամադրելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կենտրոններ են տեղակայել Ստեփանակերտի, Խոջալուի բնակավայրերում և Լաչինի միջանցքում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում։ Լրացուցիչ բուժկենտրոնները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում իրականացնել հիվանդների հետազոտություն ու առաջնային ախտորոշում», - շեշտում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: