Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել, այսօր հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղակայված են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Բուժստորաբաժանման մասնագետները կկազմակերպեն բժշկական աջակցությունը խաղաղապահ զորախմբին և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Արցախի բնակչությանը:
Հիվանդանոցը պատրաստ է տեղավորել մինչև 40 մարդ: ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ տարածաշրջան են ժամանել ավելի քան 60 բժիշկ մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Նրանք «Իլ -76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել են Խաբարովսկից Երևան: