Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին

Վրաստան - Ընդդիմության ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, 14-ը նոյեմբերի, 2020թ․

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նախագահի կողմից նշանակվեց դեկտեմբերի 11-ին։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալների՝ հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում 9 քաղաքական ուժեր մանդատներ են ստացել։

Խորհրդարան անցնելու շեմը Վրաստանում սահմանվել է ընտրողների ձայների 1 տոկոսը ։Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք»-ը՝ պահպանելով մեծամասնությունը։

Ընդդիմադիր հիմնական ուժերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պնդելով, որ ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ բոյկոտելու է խորհրդարանի նիստերը։ Իշխող ուժի և ընդդիմության միջև բանակցությունները շարունակվում են։

Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ «Վրացական երազանք»-ի վերջին առաջարկները փոխզիջումների դուռ կբացեն և խորհրդարանին առաջ շարժվելու հնարավորություն կտան՝ իրականացնելու դատական համակարգի և Ընտրական օրենսգրքի այդքան անհրաժեշտ բարեփոխումները։ «Ժամանակն է, որ Վրաստանի քաղաքական ուժերը իմաստություն ցուցաբերեն ու ներկայություն ապահովեն խորհրդարանում», - ասել է Բորելը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

ԵՄ արտգործնախարարների նիստում քննարկվել է նաև վերջին շրջանում Վրաստանում ստեղծված իրավիճակը։