Պետությունը պետք է պաշտպանվի Վազգեն Մանուկյանի նշած գազազած խմբերից. Անդրանիկ Քոչարյան

Պետությունը պետք է պաշտպանվի Վազգեն Մանուկյանի նշած գազազած խմբերից, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս նաև հայտարարում է` իշխանությունն ունի լեգիտիմության բարձր աստիճան:

Ընդդիմադիր ուժերը երեկ վերջնաժամկետ տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մինչև երեքշաբթի օրը ժամը 12-ը հրաժարական ներկայացնելու համար: Ելույթ ունեցավ 17 ուժերի վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը. «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ ինքը ինչքան շուտ կամավոր հրաժարական տա, այնքան իրեն լավ: Շարժումը չհաղթեց՝ գազազած ժողովուրդ իրեն կհոշոտի: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում, ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն» - Վարչապետ Փաշինյանի հրաժարականի վերջնամկետ է դրված` երեքշաբթի` կեսօր: Արդյոք իշխանությունը քննարկո՞ւմ է այս պահանջը, մտադի՞ր է պատասխանել:

Անդրանիկ Քոչարյան - Վերջնաժամկետը հնչեցրել է միասնական թեկնածու Վազգեն Մանուկյա՞նը: Վերջնաժամկետի հնչեցման վայրը ընտրված էր առաձնատո՞ւնը կառավարական: Սա նման է 96 թվականի վերջնաժամկետին` գնում եմ, հետևիցս եկեք: Հիմա ներկայացնում է, որ «ժողովուրդը գազազած է, ձեզ հոշոտելու է»: Ժողովրդին գազազացնելու առաջին քայլը եղավ, երբ որ հրադադարի ռեժիմի մասին հայտարարությունն արվեց համազգային փեսայի կողմից մինչև պաշտոնական հայտարարությունը, և հրոսակախմբերը մշակված պլանով հարձակվեցին կառավարական շենքի և առանձնատան վրա, որտեղ ապրում են նաև իրենց հետաքրքրող պաշտոնյաների ընտանիքները և երեխաները: Նրանք շատ չեն, բայց երեխաները շատ էին, և իրենց հաջողվեց մտնել տարածքներ, ոչնչացնել գույքը, բայց ման էին գալիս կոնկրետ երկու առաջնային պաշտոնյայի` Ազգային ժողովի նախագահին և վարչապետին: Եվ բոլորի աչքի առաջ, կամեռաների աչքի առաջ բոլորը տեսան, թե ինչպես էին հոշոտում Ազգային ժողովի նախագահի մարմինը, երբ որ նաև զգուշացվում էր, որ դադարեցրեք, ինքն այլևս չի շնչում: Եվ դա շարունակվում էր, ոնց որ հրահանգավորված լիներ: Տեսանելի էր, թե ինչ որակի հետ գործ ունենք:

Հիմա ոնց որ թե Վազգեն Մանուկյանը, ինչպես 96 թվականին հիշեցրեց, որ գնում եմ, հետևիցս եկեք, գնացողները գնացին, արեցին իրենց գործը, հիշում եք` Արա Սահակյանի, Բաբկեն Արարքցյանի գլուխը կոտրեցին, նաև փախցրեցին իրենց հետ, իսկ այս ընթացքում պարզապես իրենց չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին գտնել այս արագության մեջ: Եվ հիմա ամսի 8-ին նորից կգան այդ խմբերը, արդեն միասնական թեկնածուն հայտարարել է, որ նրանք գազազած խմբեր են, և պետությունը պետք է պաշտպանի իր պետական կառույցները, իշխանությունը, իսկ այդ իշխանությունը նույնիսկ այս ծանր, բարոյալքված վիճակում պատերազմի արդյունքում ինքն ունի լեգիտիմության բարձր աստիճան, որովհետև մենք պառլամենտական երկիր ենք, և պառլամենտում տեղակայված քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը ունեն բարձր լեգիտիմության աստիճան, և քաղաքական օրակարգը պետք է սպասարկվի պառլամենտի պատերի ներսում և ոչ թե ժողովրդին գազազացնելով և իշխանության ձգտելու և իշխանությանը պարտադրելու որևէ ինչ-որ ձևաչափով:

Իրենք շարժվում են այն տրամաբանությամբ, որ բա նույն ճանապարհով իշխանության եկավ հեղափոխությունը, բայց իրենք մոռանում են, որ ժողովուրդն իրացրեց ապստամբելու իր իրավունքը և իրականացրեց հեղափոխություն, ընդ որում սահմանադրական ճանապարհով: Կասեն` բա այդ ճանապարհը ո՞րն է: Այն ճանապարհն է, որով պառլամենտն ընդունեց ժողովրդի կամքը, այսինքն` Սահմանադրության պահանջներից մեկը, և այդ ժամանակվա իշխանությունները, ընդունելով ժողովրդի կամքը, իրենք իշխանությունը հանձնեցին ժողովրդին: Դրանից հետո տեղի ունեցան ընտրություններ, և ընտրություններով ֆիքսվեց այն լեգիտիմության մակարդակը, որով շարժվում է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը` հանձինս պառլամենտի մեծամասնության և պառլամենտում գտնվող ընդդիմադիր ուժերի բաշխված թվաքանակով:

«Ազատություն» - Շատ լավ, պարոն Քոչարյան, հիմա էլ այդ ճանապարհով կլինեն անհնազանդության գործողություններ, կփակեն փողոցներն այնքան, մինչև դուք` ձեր մեծամասնությունը իրենց վարչապետի թեկնածուին կընտրեք:

Անդրանիկ Քոչարյան - Մի բայց կա. իհարկե, իրենք ընտրել են այդ ճանապարհը, բայց այդ ճանապարհի համար պետք է գաղափար, իրենք գաղափարը չունեն: Այն գաղափարը, որի շուրջ համախմբեց Նիկոլ Փաշինյանը և իրացրեց ժողովրդի կամքը, և այդ կամքի իրացման համար ժողովուրդը տարիներ շարունակ պայքար է մղել: Հիմա այս օրակարգը, որ իշխանությունները ձախողել են, պետք է գնան, իշխանությունները ձախողել են, մենք ճգնաժամի մեջ ենք, ձախողել են որոշակի ինչ-որ խնդրի ինչ-որ մասով, բայց ձախողման ամբողջ ծավալը սկսվում է հոկտեմբերի 27-ից, և շարունակաբար մենք այս պարտությունը կերտել ենք տարիներ շարունակ: Եվ այդտեղ խնդիրը, պետք է ազնիվ լինենք, ճիշտ ձևակերպենք, և եթե այսօր մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որտեղ հրադադարի ռեժիմը դարձել է մեր երկրի համար ամենակարևոր խնդիրը, մենք պետք է կայունությունը պահպանենք և միասնաբար գտնենք ճգնաժամից դուրս գալու ելքերը: Ճգնաժամից դուրս գալու ելքերը մնում են այն լեգիտիմ մարմնի պատերի շրջանակներում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության պառլամենտ` Ազգային ժողով:

«Ազատություն» - Ձեզ հիշեցնում են քաղաքագիտական չգրված կանոնը, որ պարտված առաջնորդը պետք է հեռանա, նաև որ նա այլևս չունի այն վստահությունը, որ գնա, բանակցի, այս փաստաթղթի դրույթները կյանքի կոչի:

Անդրանիկ Քոչարյան - Ուրեմն, կրկնեմ` իրենք կարող են իրենց ցանկությունները ձևակերպել և ունենալ համակիրներ և եթե գտնում են, որ պարտված առաջնորդը պետք է գնա, մենք էլ` որպես պառլամենտ, իրավասու ենք, եթե պարտված վարչապետը պետք է հրաժարական տա, իրենց որոշած վարչապետի թեկնածուն մենք կարող ենք քննարկել, բայց առաջնահերթ քաղաքական մեծամասնությունն իրավասու է ինքը ձևավորի կառավարություն: Եվ քանի որ մենք առաջնահերթ դրել ենք խնդիր, և այսօրվա վարչապետը դրել է վեցամսյա ծրագիր` այդ 6 ամսվա ընթացքում հասնել կայունության` պահպանելով հրադադարի ռեժիմը, չխախտելով որևէ բան, որպեսզի հակառակորդը չունենա որևէ շանս դուրս գա այդ ստորագրության ձևաչափից, մենք պետք է շարժվենք այդ տրամաբանությամբ` մտածելով ճգնաժամի հաղթահարման հաջորդ քայլը, բայց այսօր իրենք պարտադրում են միասնական թեկնածու մի մարմնի, որն ինքը իրավասու է իր քաղաքական օրակարգը հնչեցնելու և շարժվելու տվյալ օրակարգով:

«Ազատություն» - Որը դուք չեք հնչեցնում, չեք ասում` այո, Փաշինյանը պիտի հեռանա, մենք մեր թեկնածուին ընտրենք:

Անդրանիկ Քոչարյան - Դա եթե անհրաժեշտ լինի, քաղաքական մեծամասնությունը ինքը կհնչեցնի, եթե դրա կարիքը կլինի: Բայց այս պահին եթե չի հնչեցնում, նշանակում է` առաջնահերթության մեջ դա չի, գործող իշխանության և պառլամենտի մեծամասնության առաջնահերթ խնդիրը հրադադարի ռեժիմը հասցնել այնպիսի կայունության աստիճանի, որպեսզի պատրաստ լինենք հաջորդ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խնդիրների լուծմանը, և դա պետք է լինի պառլամենտում առաջնահերթ, ոչ թե ամսի 8-ին գնում եք, կամ ձեզ հոշոտում ենք: Չէ, պարոն Մանուկյանը մի քանի անգամ ցույց է տվել, որ այդ պահերին ունի մարդկանց ինչ-որ տեղ ուղղորդելու առաջնահերթություններ կամ առաջարկներ, բայց որպես կանոն դրանք շատ ողբերգական են եղել մեր երկրի համար, 96 թիվ լինի: Ես չեմ կարող մոռանալ Վազգեն Մանուկյանի գնահատականը Հոկտեմբերի 27-ից հետո Նաիրի Հունանյանի խմբի գործողությունների վերաբերյալ` «դա ռոմանտիկներ են»: Իր առաջարկը ամսի 8-ի վերաբերյալ բացարձակ ռոմանտիզմ չի: Դա հղի է շատ լուրջ հետևանքներով, իսկ մենք մեր երկիրը չենք կարող գցել լրացուցիչ ցնցումների դաշտ, որի արդյունքում մենք արդեն կվտանգենք Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը:

«Ազատություն» - Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ Փաշինյանի հրաժարականի ու հատկապես արտահերթ ընտրությունների ժամկետ հնչեցնելու պահանջներ միայն այս շրջանակը չէ, որ հնչեցնում է: Ես կարող եմ տալ խորհրդարանական մյուս ուժի` «Լուսավոր Հայաստանի» անունը, նախագահն է այդ մասին խոսել, արտախորհրդարանական ուժերից Տեր-Պետրոսյանի Կոնգրեսի, «Քաղաքացու որոշումը», Արման Բաբաջանյանի կուսակցությունը, Գիտությունների ակադեմիան կավելացնեի, Պետական համալսարանը: Այդ ի՞նչ հաշվարկով է Փաշինյանն ասում, որ այս պահանջը հանրային լայն արձագանք չի գտել:

Անդրանիկ Քոչարյան - Բազմիցս լսել եմ, թե ինչպես է Փաշինյանն ասել` եթե առկա լինի ժողովրդի կամքն իր հեռանալու վերաբերյալ, ինքը մի օր չի մնա տվյալ պաշտոնում: Ես վստահ եմ, որ եթե դա ամբողջովին տեսանելի լինի այսօրվա գործող վարչապետի համար, նա կիրացնի իր այդ հնչեցրած տեսակետը, և որևէ վայրկյան ես չեմ կասկածում` դա չի ուշանա: