Սոթքի ոսկու հանքավայրն այժմ լիարժեք չի աշխատում

Քարվաճառի շրջանն Ադրբեջանին փոխանցելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում հայտնված Սոթքի ոսկու հանքավայրն այժմ լիարժեք չի աշխատում, խնդիրներ կան, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Սոթք գյուղն այս խոշորացված համայնքի մաս է կազմում։

«Հիմա սահմանը էնտեղ ա, որ կիսում ա հանքը։ Որ հատվածը մնացել ա իրանց տարածքում, իրանց վերահսկողության տակ ա, ու ցանկացած գործողություն պետք է իրենց հետ համաձայնեցվի։ Իսկ որը մեր տարածքում ա, նորմալ ա գնում», - ասաց Ավետյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանքավայրի իրենց վերահսկողության տակ անցած տարածքից երեկ տեսանյութ է հրապարել։ Հանքավայրի շինություններից մեկի վրա Ադրբեջանի դրոշն է տեղադրված, հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմում մեծաթիվ տեխնիկա է մնացել, որն այժմ չի աշխատում։

Հանքավայրի հետագա ճակատագիրը պարզ կլինի հետո, ասում է համանքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ առայժմ բանակցություններ են ընթանում․ - «Էս պահին ոչինչ հաստակ չի։ Նաև կնշեմ, որ էնտեղ լարվածություն կամ ինչ-որ ռազմական գործողություններ չկա։ Ուղղակի կիսել են ու տենց, էդ դիրքով սպասում են, մինչև հետագա որոշումներին»։

Համայնքի ղեկավարի խոսքով, այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը բաժանող սահմանագիծը հստակ չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել․ - «Որ կֆիքսվի արդեն կոնկրետ սահմանները, նրանից հետո պարզ կլինի ամեն ինչը։ Էս ամենը հիմա ժամանակավոր ա»։

Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը «Ազատությանը» հայտնեց, որ հայ զինվորականները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել փոխհամաձայնեցնել մարտական հենակետերը, մինչև սահմանագծման աշխատանքների իրականացումը․ - «Հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում այդ հենակետերը տեղավորելու, բարեկարգելու, մարտական հերթապահություն կազմակերպելու համար»։

Սոթքի ոսկու հանքավայրն ամենամեծն է Հայաստանում։ Այն շահագործում է ռուսաստանյան «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որն առայժմ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Հանքավայրում ավելի քան 1600 մարդ է աշխատում։

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Թագուհի Թովմասյանը, որն օրերս Սոթքում էր, «Ազատությանը» հայտնեց, թե հանքավայրը չի գործում, աշխատակիցներին ասել են, որ այն առայժմ չի աշխատելու․ - «Ի՞նչ է տեղի ունենում, ներսում։ Բնականաբար ոչինչ։ Աշխատակիցները չեն գնում, և որևէ գործընթաց տեղի չի ունենում»։

Անկախ պատգամավորը, որը ծնունդով Գեղարքունիքի մարզից է, պնդում է՝ հանքավայրի շուրջ գործընթացներն այժմ տեղափոխվել են Մոսկվա և Բաքու, դրանք ռուս-ադրբեջանական բանակցությունների առարկա են. – «Քանի որ հանքավայրը շահագործվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից, նրանք առավել քան շահագրգռված են, որովհետև հսկայական ներդրումներ են արել և ցանկություն ունեն ամբողջ ծավալով հանքը շահագործելու։ Այս պահին բանակցությունները դեռ շարունակվում են, ու բնականաբար, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչքան կտևի։ Բայց ես ստացել եմ ամենատարբեր մակարդակի հավաստիացումներ, որ հանքավայրը շարունակելու է աշխատել»։

Թովմասյանի խոսքով, այժմ ամեն բան արվում է, որպեսզի հանքավայրն ամբողջ ծավալով աշխատի։