Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն և Կադաստրի կոմիտեն դեռ տեղեկություն չունեն՝ արդյոք մեկնարկել է պետական սահմանի սահմանազատման աշխատանքը


Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երեք շաբաթ անց Հայաստանի արտգործնախարարությունից հայտարարում են՝ դեռ տեղեկություն չունեն՝ արդյոք Ադրբեջանի հետ պաշտոնապես մեկնարկել է պետական սահմանի սահմանազատման աշխատանքը։

Նույն պատասխանն «Ազատությանը» տվեց նաև Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Մուրադյանը։ Կանոնադրության համաձայն՝ Կադաստրի կոմիտեն մասնակցում է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման աշխատանքներին։ Մուրադյանն ասաց՝ սահմանագծման աշխատանքներ այս պահին իրականացվում են, բայց իրենք տեղեկացված չեն սահմանազատման աշխատանքներից, որտեղ ներգրավված են նաև ադրբեջանցի մասնագետներ։

«Դեռևս այդպիսի գործընթաց չկա, բայց մեր գործառույթները մենք իրականացնում ենք արդեն քանի շաբաթ է ինտենսիվ», - ասաց Գեոմատիկայի կենտրոնի ղեկավարը:

Եթե չի մեկնարկել, ինչպե՞ս է որոշվել Հայաստանի զինուժի տեղակայումը Գեղարքունիքի մարզում։ Վարչապետն իր վերջին ուղերձում ասում էր՝ Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով։

Մասնագետների խոսքով՝ տարբեր տարիներին տպված քարտեզներում Խորհրդային Հայաստանի սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Ո՞ր թվի քարտեզն է հիմք ընդունվելու։ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչն ասում է՝ Հայաստանի դեպքում Խորհրդային Միության փլուզման պահին միջազգայնորեն ընդունված սահմանները, որոնք ամրագրված են եղել փաստաթղթերով, Արցախի դեպքում՝ ԼՂ-ի ինքնավար մարզինը։

«Ազատության» հարցին՝ «կա՞ քարտեզ, որտեղ Հայաստանը շահած է դուրս գալիս, դուք դա եք ընդունում, իսկ Ադրբեջանն էլ ասում է, որ, ոչ, ես այստեղ այլ տարածքներ ունեմ, և ես այս քարտեզն եմ ընդունում», Վահագն Մուրադյանը պատասխանեց. «Այդ հարցադրումը, իհարկե, նոր ստեղծվելիք միջպետական գերատեսչության մեր քննարկումների ժամանակ բարձրաձայնվեց, բայց այդ պահի դրությամբ որպես պաշտոնական փաստաթուղթ, վերջին պաշտոնական փաստաթուղթը, որ արխիվներում կա, դա միջպետական համաձայնագրերն են, դրանց կից քարտեզները: Մենք դրանցով ենք առաջնորդվում այս պահին: Մենք չգիտենք՝ Ադրբեջանն ինչով է առաջնորդվում, բայց մենք առաջնորդվում ենք իրավական բոլոր հնարավոր փաստաթղթերով»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով ևս բուռն քննարկվեց։

Հարցին՝ այդ համակարգով ընդհանրապես սահմանազատում իրականացվո՞ւմ է, և արդյոք այդ համակարգը չի կարո՞ղ սխալ տեղորոշում իրականացնել, Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց. «Դեռ սահմանների ճշգրտում է գնում և հստակ ասել՝ այդ պահին իրանք որտեղ են եղել, GPS-ը որտեղ են դրել կամ այդ GPS-ը ինչ համակարգով են արել, բնականաբար, մենք դա հիմք չենք ընդունելու: Մեր մասնագետների և իրավական փաստաթղթերով առանձնացվում է սահմանագիծը, այնուհետև միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի, իրենք էլ գուցե իրանց առաջարկությունն ունենան, մենք՝ մեր առաջարկությունը, իսկ մերը հիմնավորված է, կքննարկեն, կգան ընդհանուր համաձայնության: Թե չէ՝ իրանց կողմից GPS են դրել կամ որտեղ են դրել, դա ոչինչ չի նշանակում»:

Սոթքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո քննարկումները դեռ թարմ են։ Պաշտոնյաններն ասում են՝ Սոթքի հանքավայրի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, մյուս մասը` Քելբաջարի շրջանում էր, այսինքն՝ այլևս ադրբեջանական կողմում։ Ի՞նչ հատվածի մասին է խոսքը ու ո՞ր մարմնի հետ քննարկումներով է դա որոշել՝ Կադաստրի, թե՝ Պաշտպանության նախարարության։ Վահագն Մուրադյանը այս հարցում նախընտրեց չծավալվել՝ հայտարարելով, թե քարտեզագրում իրականացվել է, բայց գաղտնիության տարրեր կան, շատ բան չի կարող բացահայտել։

Կապան-Գորիս ճանապարհահատվածի ճակատագիրը ինչպե՞ս է որոշվելու։ Բաց աղբյուրներում հասանելի քարտեզներով ճանապարհի մի մասն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Կուբաթլուի շրջանով։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում այս ճանապարհը բավականին վտանգավոր է եղել՝ մշտապես ադրբեջանական կրակոցների ներքո, որոշվել է փակել։ Կապանն ու Գորիսը իրար կապվել են նոր՝ Տաթևով անցնող ճանապարհով։ Վարչապետի աշխատակազմից դեռ պատասխան չի հաջողվել ստանալ, Տարածքային կառավարման նախարարությունից էլ, ըստ էության, չպարզաբանեցին, փոխանցեցին, որ ավտոճանապարհը շահագործելու հետ կապված խնդիրներ չեն առաջացել, հարցը միջգերատեսչական տիրույթում է, տեղում հստակեցումներ են արվում։

Գեոմատիկայի կենտրոնի աշխատակիցները, Վահագն Մուրադյանի խոսքով, հենց վաղը չափագրում են իրականացնելու այդ հատվածում. «Կան գաղտնի փաստաթղթեր, որոնք բնականաբար մի քանի հոգի հասանելիություն ունի պետական սահմանի, որոնք այս պահին ճշտվում են՝ արդյոք ճանապարհի որ հատվածն է անցնում կամ որ հատվածը չի անցնում: Էսպես առաջնորդվել Google Map-ով կամ ինչ-որ թեմատիկ քարտեզով, ես կարծում եմ, սխալ է»:

Քանի՞ կիլոմետր էր Ադրբեջանի հետ սահմանը սեպտեմբերի 27-ին ու քանի՞ կիլոմետր կդառնա վաղվանից, երբ Ալիևի ու Պուտինի հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ Ադրբեջանին կհանձնվի նաև Լաչինի շրջանը: «Միջազգայնորեն ընդունված սահմանագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 930 կմ, մենք ունեինք կիսով չափ պակասեցված 94 թվականից հետո սահման, հիմա, բնականաբար, նորից գրեթե կիսով չափ ավելացված սահման ունենք Նախիջևանն էլ հետը», - ասաց նա:

Առայժմ անհայտ է նաև, թե երբ և ովքեր են տեղակայվելու նոր գծվող այդ սահմանին՝ արդյոք հայ զինվորականների հետ նաև ռուս խաղաղապահները: Անվտանգության ու սահմանազատման շուրջ բազմաթիվ հարցեր դեռ մնում են անպատասխան, պետական կառույցներն էլ չեն հստակեցնում՝ կոնկրետ երբ կկարողանան դրանց արձագանքել։

XS
SM
MD
LG