Դատարանը մերժեց ազատ արձակել ոստիկանների սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատ չարձակեց սպանության համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։

Փաստաբանները դեռ պատերազմի օրերին էին միջնորդել ազատ արձակել նրանց, որպեսզի կարողանան ռազմաճակատ մեկնել։

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամներն ազատ արձակվեցին, բացի Բիլյանից ու Բարսեղյանից։ Նրանք մեղադրվում են 2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու համար։ Մեղադրանքը չեն ընդունում, պնդում են՝ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ապստամբություն են արել։

Այսօրվա դատական նիստին Արմեն Բիլյանը հայտարարեց՝ ազատության մեջ չի թաքնվի․ - «Իմ մեղքի մասով նորից եմ կրկնում՝ ես մեղավոր չեմ։ Պատերազմական վիճակ ա, և շատ մեծ արհավիրքի, վտանգի առաջ ենք կանգնած՝ կորցնելու Սյունիքը և նաև Տավուշը։ Ամենակարևոր գրավը, որ ես ձեզ ասում եմ, դա իմ՝ տղամարդու, հայ տղամարդու խոսքն ա։ Արմեն Բիլյանը, ամբողջ ազգի մոտ կարող եմ ասել՝ փախնող չի։ Երբ որոշեք, պարոն Մակյան, որ ինձ դատեք, կամ արդարացնելու եք, ճշմարտությունն եք անելու, պատրաստ եմ ստեղ կանգնելու»։

Բիլյանին ազատ արձակելու հորդորով դատավոր Մեսրոպ Մակյանին դիմեց գործով մեկ այլ մեղադրյալ՝ Պավլիկ Մանուկյանը։ Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Մանուկյանը հիշեցրեց տարիներ առաջ իր խոսքերը հակառակորդի կողմից Հայաստան հասնելու մասին․ - «Բիլյան Արմենը, որպես լավագույն զինվոր․․․ էն որ ահաբեկիչ համարեցին նախկին իշխանությունները, հիմա Հայաստանի Հանրապետությունը, մեր բանակը առնչվել է իսկական ահաբեկիչների հետ, իսլամիստների հետ։ Բոլորը դրանցից վախենում են, բացի մեզանից։ Որովհետև մենք իսկական ազգի զինվորներ ենք։ Այնպես որ, Բիլյան Արմենին ժամ առաջ բաց թողելը, երբ որ պետք է միանային զինված խմբին հայրենիքի պաշտպանության համար, ես գտնում եմ, դա անհրաժեշտություն է։ Քանզի մեր հայրենիքը ամբողջությամբ վաճառված է, ոչ թե գրավ դրված, այս պայմաններում ես հիշում եմ մի դեպք, որ Դուք ասացիք՝ եթե պատերազմ լինի, մենք էլ ենք գնալու։ Լավ հիշում եմ էդ դեպքը։ Իսկ ես ամիսներ, տարիներ առաջ ասում է, որ պատերազմն անխուսափելի է, թուրքերը կհասնեն Արտաշատ, և դուք մեզ ազատելու եք։ Ճիշտ է, Արտաշատ չհասան, ավելի վատ բան էղավ»։

Այսօրվա դատական նիստին դատախազ Արամ Արամյանն ու զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք դեմ արտահայտվեցին ամբաստանյալների խափանման միջոցը փոխելուն։

«Գտնում եմ, որ որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ ապահովելու ամբաստանյալների պատշաճ վարքագիծը այս քրեական վարույթի ընթացքում։ Նշված պատճառով խնդրում եմ ներկայացված երկու միջնորդություններն էլ մերժել», - ասաց դատախազ Արամյանը։

«Սասնա ծռերի» առանցքային անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի և ևս 8-ի գործով դատավարությունը մոտեցել է ավարտին։ Ամիսներ առաջ մեղադրողներն իրենց մեղադրական ճառում դատարանին առաջարկել են ոստիկանության ՊՊԾ գունդը 4 տարի առաջ երկու շաբաթով գրաված զինված խմբի անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

Այսօր պաշտպանական ճառով պետք է հանդես գային ամբաստանյալները։ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենց փոխարեն կխոսեն պաշտպանները, որոնք, սակայն, այսօր բացակայում էին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։