Ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնողական աշխատանքներում օգնության խնդրանքով նամակներ հանձնվեցին ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ

Անհետ կորած և գերեվարված զինվորականների հարազատներն այսօր Ռուսաստանի դեսպանատան դիմաց նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ հանձնեցին դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից մեկին։ Ավելի վաղ նույն հարցով Պուտինին դիմել էր նաև Հայաստանի նախագահը։

Պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատները խնդրում են օգնել գտնել իրենց զավակներին։

Դեսպանատան աշխատակիցը պատասխանեց, որ գերիների և անհետ կորածների հարցերով կգործադրեն բոլոր ջանքերը։

Անհետ կորածներից մեկի մայրը՝ Լաուրա Ներսեսովան խնդրում է բոլորին օգնել իրենց․ - «Մենք չենք իմանում մեր երեխեքն ինչ վիճակի են։ Մենք չենք իմանում մեր երեխան գերի ա, մեր երեխան, Աստված ոչ անի, մահացած ա, մեր էրեխան բուշլատ ունի հագը, շոր ունի, սապոգ ունի, ի՞նչ ա 42 օր ուտում էդ էրեխան»։

Անհետ կորածների հարազատները նույն պահանջով շարժվեցին Պաշտպանության նախարարություն։

Այսօր հերթական հավաք էին կազմակերպել նաև մշակույթի գործիչները, որոնք վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների դիմաց պահանջում են քայլեր ձեռնարկել ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնողական աշխատանքների հարցերում։

Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներից հետո նրանք այսօր Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց էին։ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նամակ հանձնեց դեսպանատան աշխատակիցներին։

«Կփոխանցվի նամակը դեսպանին։ Եվ ասեցի, որ ակնկալում ենք պատասխան, ասեցին՝ լավ, դեսպանը ծանոթանալուց հետո մենք պատասխանը կուղարկենք ձեզ։ Ո՞նց կարելի էր մեր ամեն մի սանտիմետրը սրտից պոկել, մեր հողի կտորը վերադարձնել, իսկ մարդկանց, բնակչությանը, մեր զավակներին, մեր եղբայրներին այդպես թողնել քմահաճույքի հույսի վրա։ Դա անհնար մոտեցում ա։ Բայց էղել ա արդեն», - ասաց Թոխատյանը։

Նա հայտնեց, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն․ - «Երբ որ որևէ նորություն կունենանք, կամ մեր քայլերի մասին մենք էսքանով որոշում կընդունենք, մենք անպայման կտեղեկացնենք։ Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է։ Երբ որ կլինեն պատասխանները դեսպանատներից, որտեղ մենք եղել ենք, կամ որտեղ ուղարկված են նամակներ, կամ էն միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են նույնպես աջակցել մեզ էս հարցում, դա չեմ կարծում, որ երկու-երեք օրվանից շատ․․․ Բայց հիմա մեր կապը էդպես էլ մնում ա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակի հետ, որպեսզի իրենց ուղղորդությամբ փորձենք օգտակար լինել իրենց աշխատանքում ինչ որ կարող ենք։ Դա կլինի մեր հետագա քայլերը»։

Իսկ ահա Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցերով հրատապ խորհրդարանական քննարկում են նախաձեռնել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քննարկումը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում։

Խմբակցություններն առաջարկում են ընդունել Ազգային ժողովի ուղերձ։ Հրապարակված ուղերձի նախագծով պատգամավորները միջազգային կազմակերպություններին կոչ են անում ավելացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը ստանձնած միջազգային պարտավորությունների հարգման և կատարման ուղղությամբ։