Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով, բուժվածներինը՝ 1923-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք

Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 843-ով՝ հասնելով 135 հազար 967-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1923-ով և հասել 110 հազար 365-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 490 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 512 հազար 617-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 193-ի, ևս 559 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 850 մարդ։