Հաքերները Հյուսիսային Կորեայից հարձակման փորձ են կատարել AstraZeneca-ի դեմ

COVID-19-ի դեմ AstraZeneca-ի մշակած պատվաստանյութը

Ենթադրյալ հաքերների խումբը Հյուսիսային Կորեայից հարձակման փորձ է կատարել դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող և COVID-19 -ի դեմ պատվաստանյութի հեղինակ AstraZeneca ընկերության դեմ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հաքերները փորձել են հարձակվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման աշխատանքներում ներգրավված համակարգիչների վրա։

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը։ Ավելի վաղ Փհենյանը հերքել է կիբերհարձակումների մասին բոլոր մեղադրանքները։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո կտրուկ ավելացել են առողջապահական մարմինների, դեղորայքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների դեմ կիբերհարձակումները։ Շաբաթներ առաջ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ երկու հաքերային խումբ է հայտնաբերել, որոնք փորձում էին թիրախավորել պատվաստանյութերի մշակմամբ զբաղվող կառույցները, սակայն անուններ չի նշել։

Reutars-ը ավելի վաղ հայտնել է, որ նմանատիպ հարձակման փորձեր են եղել Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից։