Հայաստանի ժողովրդին հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ներսում գործող հանրահայտ խմբերը, արտաքին ուժերին համընթաց, փորձում են երկրում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել՝ նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս և այդ միջոցով վերադառնալ որպես փրկիչ։
«Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց - ընդ որում, արտաքին ուժերին համընթաց նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը - մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը: Երեկ, օրինակ, ոմանք՝ բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին», - ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, իշխանությունները թույլ չեն տա նման սցենարի իրականացումը, որովհետև դրան դեմ է Հայաստանի քաղաքացին․ - «Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար: Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու»։
Փաշինյանը վերահաստատեց, որ ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չկար, քան ստորագրել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտնի հայտարարությունը, որը հրադադար հաստատեց Արցախում։ Թե երկիրը ինչու հասավ նման կետի, պատճառները, նրա խոսքով, կուսումնասիրվեն ու հայտնի կդառնան, սակայն այսօր հրատապ հարցերից ամենակարևորը Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգույուն և կայունություն ապահովելն է, որի համար անհրաժեշտ է իրագործել նոյեմբերի 9-ի համաձայնությունը, և որը պահաջում է հայկական ու ադրբեջանական զորքերը տեղակայել խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով․ - «Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով: Եվ ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է և ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել»:
Հերթով անդրադառնալով Սոթքից Հորադիզ ընկած Արցախի պաշտպանական շրջաններին՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ողջ ընթացքում ռազմաճակատի մեծ մասում հաջողվել է դիրքերը պահել հերոսական ջանքերի շնորհիվ․ - «Եվ այդ մինչև 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաև հայրենիքի պարտքն էր: Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր բազմաթիվ հազարավոր զինվորներ, սպաներ, գեներալներ: Բայց, ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»:
«Ոմանք Սետփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, և այս հարցերը ըստ կարգի դեռ կպարզաբանվեն», - հավելեց Փաշինյանը՝ ըստ ամենայնի ակնկարնելով ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին, ով մինչև վերջերս գլխավոր ռազմական տեսուչն էր և օրերս էլ հանդես եկավ աղմկահարույց ասուլիսով՝ մեղադրելով Փաշինյանի կառավարությանը պատերազմում պարտվելու համար․ - «Այո, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, և մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ: Բայց նաև այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի կերպարը: Սիրելի ժողովուրդ, մի տրվեք վախի և խուճապի: Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին»: