Մատչելիության հղումներ

ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ, արձագանքում է ՊՆ-ն


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ և նախկին գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, արձագանքում է Պաշտպանության նախարարությանը: Ըստ ՊՆ-ի` Հակոբյանի հայտարարությունները նաև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է երկրի պաշտպանունակությունը։

«Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։

Մովսես Հակոբյանն այսօր ասել էր, որ սխալ է եղել նաև Սու-30-ների ձեռքբերումը, որի զինամթերքը ըստ Հակոբյանի` ավելի ուշ չի վաճառվել Հայաստանին։ Նա ասուլիսին ներկայացրել էր իր տեսակետը, թե ինչու հայկական ուժերը պարտություն կրեցին Արցախում. չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, Հակոբյանի խոսքով, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ` անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։

Պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։

Եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել, հայտարարում է պաշտպանական գերատեսչությունը.

Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը, ՊՆ-ն սուտ է այն որակում. «Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։

Ավելին. պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ»։

Առավել մանրամասն` այստեղ

XS
SM
MD
LG