Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հայտարարել է Վեհափառ հայրապետը։

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը կառավարությանը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևն ընդունեց երեկ՝ քվեների 305 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Հայաստանը և Արցախը ողջունել են Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Ադրբեջանը քննադատել է այն։