ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը պետական քարտուղարի պաշտոնում այսօր ամենայն հավանականությամբ կառաջադրի 58-ամյա Էնթոնի Բլինքենին:
Մոսկվայում նշում են, որ ամերիկացի դիվանագետ Բլինքենը հայտնի է իբրև Ռուսաստանի կոշտ և հետևողական քննադատ:
Նյույորքցի Բլինքենն ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանության բաժինը, որոշ ժամանակ աշխատել է որպես փաստաբան, ապա տեղափոխվել է քաղաքական ասպարեզ:
Նա դեմոկրատական թեկնածու Մայքլ Դուկակիսի շտաբում դրամահավաքի պատասխանատուն է եղել, հետո միացել է դեմոկրատական նախագահ Բիլ Քլինթոնի թիմին և ստանձնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:
2002-2008 թվականներին Բլինքենը Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում ղեկավարել է դեմոկրատիայի հարցերով խումբը:
Նա շուրջ երեք տասնամյակ աշխատել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունում և այդ ընթացքում այցելել է ավելի քան 4 տասնյակ պետություններ:
2011 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք, Բլինքենը Սպիտակ տանը մասնակցել է հայտնի ժողովին, որի ընթացքում քաղաքական և ռազմական վերնախավը հետևել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բին Լադենի ոչնչացման հատուկ գործողությանը:
Այդ ժողովը տեղի է ունեցել Սպիտակ տան «իրավիճակային սենյակում», որտեղ քննարկվում են անհապաղ լուծումներ և երկրի ղեկավարի անմիջական միջամտություն պահանջող հրատապ հարցերը:
2015-17 թվականներին Էնթոնի Բլինքենը զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, կարգավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարը:
Տվյալ պահին Բլինքենն արտաքին քաղաքականության հարցերով Բայդենի օգնականն է: Հոկտեմբերին նա ասել է, թե «Միացյալ Նահանգները չպետք է զիջի աշխարհում լիդերի դերը»: Նա անվերապահորեն պաշտպանում է Բայդենի կարգախոսը, որի համաձայն՝ «Ամերիկան այլևս պետք է նկատել տա բոլորին, որ դիկտատորների հետ բարեկամության ժամանակներն անցել են»:
Բլինքենին ճանաչող մարդիկ նրան նկարագրում են որպես «սառնասիրտ, զուսպ, խոհեմ և հմուտ դիվանագետ, ով երբեք հունից դուրս չի գալիս»:
Բլինքենը տարիներ առաջ նա ասել է, թե Ռուսաստանն Ուկրաինայի հարցում ռազմավարական պարտություն է կրել: «Կարելի է փաստել, որ Ռուսաստանը նվաճել է Ղրիմը, բայց կորցրել է Ուկրաինան, քանի որ այդ երկիրն այսօր առավել քան երբևէ միասնական է դեպի Արևմուտք կողմնորոշվելու հարցում», - ասել է նա:
Էնթոնի Բլինքենը ողջունել է հակառուսական պատժամիջոցների սահմանումը և Մեծ ութնյակից Ռուսաստանի վտարումը:
Ամերիկյան օրենքների համաձայն, նախագահի կողմից առաջադրված պետքարտուղարի թեկնածուն նախ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է ներկայացնի իր դիրքորոշումներն ու պատասխանի օրենսդիրների հարցերին, ինչից հետո նրան հաստատելու առաջարկը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում: