Ռուսաստանի և Հորդանանի արտգործնախարարները երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը հորդանանցի պաշտոնակից Այման Սաֆադիի խնդրանքով ներկայացրել է Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու նպատակով։ Ըստ ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայության, հորդանանցի նախարարը իր հերթին ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը կրակի դադարեցման և երկարատև կարգավորման պայմաններ ստեղծելու համար։
Ի դեպ, աշխատանքային այցով Հորդանանում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրույցին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը, դրան, ի թիվս երկրի կառավարության ներկայացուցիչների, մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին։