Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն այցելել է Հորդանան, հանդիպել թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ


Մեկնարկել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Դիմավորման արարողությունից հետո Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնը առանձնազրույց են ունեցել, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունն ու պատմական կապերը:

Նշվել է, որ Հայաստանն այսօր առերեսվում է բազմաթիվ մարտահրավերների և, որպես լավ ընկեր ու բարեկամ, ակնկալում են սերտորեն աշխատել ու աջակցություն ցուցաբերել:

Նախագահ Արմեն Սարգսյանը հիշել է ամիսներ առաջ Հորդանանի թագավորի հետ Երևանում կառուցողական քննարկումներն ու ապագային միտված ծրագրերը: «Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի»,- ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով, -«Դժվար պահերին ակնհայտ է դառնում, թե ով է քո իրական ընկերն ու բարեկամը»: Նշելով, որ ցանկացած դժվար վիճակից ելքի հույս կա՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը կյանքի կկոչվեն, կստեղծվի ավելի խոր համագործակցություն:

Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հորդանանը կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում, Հայաստանի համար ուսանելի կարող է լինել տեղահանվածների հետ աշխատանքի Հորդանանի փորձը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերին, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքներին, ինչպես նաև փոխադարձ մտահոգություն առաջացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերին, մասնավորապես՝ կապված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերի հետ:

«Նախագահ Սարգսյանը Հորդանանի թագավորին հանգամանորեն տեղեկացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքների, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակի մասին: Հորդանանյան կողմը նշել է, որ օգտագործել է միջազգային հարթակներում ունեցած իր կապերն ու հեղինակությունը՝ նպաստելու խաղաղության հաստատման ջանքերին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG