«Եթե ՍՈւ-եր չառնեինք, դրա փոխարեն ՏՈՌ չէինք առնելու», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով Սու-30-ների ձեռքբերման շուրջ դժգոհություններին։
Հիշեցնենք, օրերս Հայաստանի զինված ուժերի գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պատերազմում պարտության մեջ։ Նա հայտարարեց, որ սխալ է եղել նաև Սու-30-ների ձեռքբերումը, որի զինամթերքն, ըստ Հակոբյանի, ավելի ուշ չի վաճառվել Հայաստանին։
Արտակ Դավթյանն ընդգծեց՝ եթե ՍՈւ-երը գնած չլինեին, հիմա հարցը միանշանակ ուրիշ կերպ կշահարկվեր։
«Հիմա կասեին՝ «այ որ, եթե մենք էս Սու-երն ունենայինք, հիմա էս խնդիրները չէինք ունենա, չէինք պարտվի»։ Գիտեք, ում ոնց պետք է, այդպես էլ շահարկում է։ Այնպես չէ, որ մենք ՍՈւ-ն առել ենք ինչ-որ բանի հաշվին, օրինակ, ՏՈՌ-ի հաշվին, կամ մյուսի հաշվին։ Մենք ուրիշ միջոցներ էլ առանք, բերեցինք, բայց ոչ մեկ դրա մասին չի ասում։ Ի՞նչ ենք ուզում մենք դրանով ասել, ինչո՞ւ պարտվեցինք։ Բերեք մի հատ հասկանանք, թե ինչո՞ւ Ադրբեջանը հաղթեց, եթե այդպես կարելի է ասել՝ հաշվի առնելով իրա կորուստներն, առավելություն և այլն։ Այո՛, մենք ունեցանք այս անհաջողությունները, բայց արդյո՞ք դա էր պատճառը, որ մենք ՍՈւ էինք վերցրել, թե՞ օյեկտիվ ֆակտորն էլ հաշվի առնելով։ Էդ ո՞նց ստացվեց, որ էդ նույն խնդիրների կատարման հետ կապված, մեծ հաշվարկով, եթե վերցնենք, աջ թևը Պաշտպանության բանակի, երբ որ ճեղքվեց հարավային ուղղության վրա, իսկ ինչո՞ւ այդ աջից մինչև Օմար և Հայաստանի սահմանը, բացի Թալիշի, կամ Մադաղիսի հատվածից էլ ոչ մի հաջողություն հակառակորդը չունեցավ, ինչո՞ւ։ Ինչո՞ւ այնտեղ նույն բայրակթարները չէին օգտագործվում, նույն ադրբեջանաթուրքականը չէի՞ն և այլն», - ասաց Դավթյանը։
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետն ընդգծեց՝ պատերազմ է, մի տեղ մեկի նյարդերը չդիմացան, մի տեղ զորքը կարող է լավ չկարողացավ որոշում կայացնել։ Վերջիվերջո, Դավթյանի խոսքով, հակառակորդը գտավ թույլ տեղն, օգտագործեց այն։
Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև