Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյանը Փաշինյանին մեղադրում է հանցագործության մեջ. Կառավարությունից մտացածին են որակում մեղադրանքը


Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ պատերազմի առաջին իսկ օրերին հանցագործություն է տեղի ունեցել, որտեղից էլ ծնվել են հետագա խնդիրները։

«Այստեղ ևս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը: Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը։ Վարչապետի որոշման հիմնավորումներն ինձ չեն զեկուցում։ Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը, որ սրա համար պատասխան պիտի տան այդ գործառույթը չիրականացնելու համար, խոսակցությունը ձայնագրել են», - հայտարարեց Մովսիսյանը, նշելով՝ առաջին իսկ մարտի ժամանակ այդ մարդկանց մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է։

«5-րդ օրը Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որ չգան հետ ու խուճապ չառաջացնեն Հայաստանում։ Եվ էդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել, զորքից կտրվել, որպեսզի դրանց պահեն, կերակրվել են զինվորների սնունդով, և մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը և տարբեր զինվորականներ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի նրանց մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր», - ասաց Հակոբյանը։

Նա նշեց՝ զորահավաքը չի կատարվել, և դրա պատասխանատուն երկրի ղեկավարն է, Պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը։

Ըստ Հակոբյանի, ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։

«Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, և սա 5-րդ օրն է էդպես եղել, երկրորդ օրն ավելի ցածր է եղել, համալրման տոկոսը », - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ այստեղից ծնվել են բոլոր խնդիրները։

Կառավարությունից մտացածին են համարում վարչապետին ուղղված մեղադրանքը

Կառավարությունից մտացածին են համարում Մովսես Հակոբյանի կողմից վարչապետին ուղղված մեղադրանքները։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ - «Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։

Նրա համոզմամբ, Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և «դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան»:

Ընդգծելով, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ՝ տեղեկացնում է, որ ըստ պատեհության, Փաշինյանը կանդրադառնա դրանց:

«Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաեւ վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում», - հայտարարել է Գևորգյանը:

Դատախազությունը Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է ՀՔԾ` իրավական գնահատական տալու համար

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG