Հայկական ֆուտբոլը, հավաքականի մարզչի գնահատմամբ, «քայլ առ քայլ զարգանում է»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի ենթախմբում գրավեց առաջին տեղը՝ երեկ Կիպրոսում հաղթելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։

Երկրորդ անգամ անցկացված ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանտիրոջ կարգավիճակով, բայց պատերազմի պատճառով դրսում անցկացված խաղում Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ՝ մրցաշարը եզրափակելով խմբի առաջին տեղում։

Հավաքականը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում կարգով ավելի բարձր՝ B դիվիզիոնում կխաղա։ Կիպրոսում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընդգծեց, որ հաջողությունը վերջին ամիսներին կատարած աշխատանքի արդյունքն է․ - «Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»։

63-ամյա մասնագետի գնահատմամբ, իր սաներն այժմ իրենց խաղաոճն ունեն, որը պետք է զարգացնել․ - «Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, իսկ դա հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է»։

Ազգերի լիգայում այս նվաճումը Հայաստանի հավաքականին նաև լրացուցիչ հնարավորություն է տալիս 2022-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության փյել-օֆֆում հայտնվելու համար։ Ազգերի լիգայի կարգավորումների համաձայն, ենթախմբերում հաղթած 14 հավաքականներից լավագույն երկուսը աշխարհի առաջնության ուղեգրի համար կխաղան փյել-օֆֆում, որն այս անգամ նոր կարգով է անցկացվելու։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի 10 խմբերի հաղթողները միանգամից կստանան մունդիալի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը, Ագզերի լիգայի այս խաղարկության խմբերում հաղթած 2 հավաքականների հետ կխաղարկեն ևս 3 ուղեգիր։

Եթե Ազգերի լիգայի խմբերում հաղթած 14 հավաքականների ցանկում Հայաստանի ընտրանուց ավելի բարձր վարկանիշ ունեցող հավաքականները աշխարհի առաջնության որակավորման փուլի խմբերում զբաղեցնեն առաջին կամ երկրորդ տեղերը, ապա Կապառոսի սաները կխաղաղ փլեյ-օֆֆում։

Այս վարկանիշով Հայաստանին գերազանցում են Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Ուելսը, Ավստրիան, Չեխիան և մի շարք այլ թիմեր։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ երեկվա խաղին, հիմնականում կորոնավիրուսի պատճառով, չէին մասնակցում հավաքականի մի շարք առանցքային ֆուտոբլիստներ, այդ թվում թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը։

Հանրային հեռուստաընկերության մարզական մեկանաբան Գևորգ Ղազարյանի համար այս արդյունքը անսպասելի էր։ Ըստ նրա, այս հաղթանակը մարզիչների աշխատանքի արդյունքն էր․ - «Դրա առաջին չափման միավորը դա․․․ երբ անկյունաքարային ֆուտբոլիստները չկան, պետք ա փոխարինել։ Իսկ դա հենց մարզչի իրավասությունների շրջանակում է։ Մարզիչը կարողացավ ընդամենը երկու օրվա տարբերությամբ, երեք հիմնական կազմի ֆուտբոլիստների կորստի պայմաններում, թիմը կառուցել այն խաղացողների շուրջը, ովքեր կարող են այս իրավիճակից հավաքականին դուրս բերել։ Այո, սա Խոակին Կապառոսի հաջողությունն է նախևառաջ»։

Առջևում աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունն է։ Ղազարյանն ասում է, թե պետք է սպասել ավելի համար մրցակիցների․ - «Ազգերի լիգայով տրվող ուղեգրերը դժվար թե մեզ հասնեն, որովհետև այնտեղ շատ խճողված համակարգ կա․․․ Ավելի լավ ա, մենք այդ հույսից մեզ կտրենք, պարզապես հուսանք, որ վիճակահանությունը մեր նկատմամբ կլինի բարեհաճ, մրցակիցներին հնարավոր կլինի հաղթել։ Մենք բոլորին էլ հաղթել ենք։ Այն թոփ հավաքականներից եթե կտրվենք, մենք կարող ենք հաղթել, կարող ենք խաղալ»։

Աշխարհի 2022-թվականի առաջնության եվրոպական որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 7-ին։ Հանդիպումներն էլ կմերկանարկեն գալիք մարտ ամսից։ Ինչպես ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված նախորդ մրցաշերում, այնպես էլ մունդիալի որակավորման փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նույն խմբում հայտվել չեն կարող։

Ի դեպ, Հայաստանի հավաքականի եզրային Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայի այս մրցաշարի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է՝ 4 գոլային փոխանցումներով։ Ուշագրավ է նաև, որ իսպանացի Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին իր պատմության լավագույն արդյունքն է գրանցել վերջին 5 անընդմեջ խաղերում չկրելով որևէ պարտություն։