Գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը, փոխանցում են դատախազությունից:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց իր զբաղեցրած պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց հանցագործության մեջ։ Նա մասնավորապես նշեց, որ «երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և փոխարենը կամավորականներին ուղարկել առաջնագիծ՝ պատերազմի երրորդ օրը»։ Նա ընդգծեց՝ զորահավաքը չի կատարվել, և այդտեղից էլ ծնվել են բոլոր խնդիրները։