Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ։
«Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։
Խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցության հարցը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանը փաստորեն Թուրքիային մտցնում է ղարաբաղյան հակամարտության գոտի` ասելով, թե նրանք խաղաղապահ գործողություններին ուղղակի չեն մասնակցելու, այլ միայն կրակի դադարեցման մոնիթորինգ են իրականացնելու ռուսների հետ միասին։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին երբեք խոսք չի եղել։ Համագործակցության դաշտը լինելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե Ղարաբաղում, և խոսքը մոնիտորինգի կենտրոնի մասին է», - նշել է նա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Խաղաղապահները երկու գոտի են ստեղծել` հյուսիսային և հարավային, ընդհանուր առմամբ 16 դիտակետ է ստեղծվելու, ժամանակավոր 6 դիտակետ` Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի գոտում։ Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայվելու են մոտոհրաձգային գումարտակներ, խաղաղապահ առաքելության ընդհանուր հրամանատարությունը գտնվելու է Ստեփանակերտում։
Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուս խաղաղապահների գործառույթները, այդ թվում` մշակութային հուշարձանների և եկեղեցիների պահպանման առումով դեռ պետք է ճշգրտվեն, քանի որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունում խաղաղապահների գործառույթները կոնկրետացված չեն։
Ինչ վերաբում է ռուս -թուրքական համատեղ կենտրոնին, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս որոշ պարզաբանումներ է տվել` ասելով, թե այդ կենտրոնը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի։ «Այստեղ պետք է հստակ լինի, որ խոսքը հայտարարությունում նշված խաղաղարար ջանքերի մասին չէ, այլ բոլորովին այլ առաքելություն է, համատեղ ջանքերի այլ մաս է, պետք է դրանք տարբերել, դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Արտգործնախարարության իր աղբյուրները, հաղորդում է, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է կրակի դադարեցումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնով, որը ձևավորվելու է Ադրբեջանի տարածքում` Ղարաբաղին ոչ հարակից շրջանում։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս և թուրք զինվորականները հետևելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը` օգտագործելով տեխնիկական միջոցներ։ Այդ կենտրոնի գործունեության մանրամասների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները։
Նախօրեին հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ինպես նաև պաշտպանության նախարարները։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ ձեռք բերված համաձայնությունները, որոնք ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Ռեջեփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք «լավ հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության երկարատև և համապարփակ կարգավորման համար»։
Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են կրակն ամբողջովին դադարեցնելու պայմանավորվածության կաևորությունը, որը թույլ տվեց դադարեցնել մարտական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ համագործակցել հայտարարությունում նախատեսված դրույթների իրականացման համատեքստում։
Թուրքիայի նախագահի գրասենյակը երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդում է նաև այլ մանրամասներ։ Էրդողանը կարևոր է համարել Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների վերադարձը, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի ստեղծումը, հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական առաքելությունը։
Նշենք, որ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի նույն օրը` հոկտեմբերի 10-ի երեկոյան հաղորդվեց, որ հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը։ Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սիրիայում իրավիճակի կայունության շուրջ, հաղոդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի էլ թաքցնում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս տարբերակի հեղինակը Անկարան ու Մոսկվան են` առաջարկելով նույն մեխանիզմները կիրառել Սիրիայում։
«Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ցույց է տալիս տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման գործում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը», - ասել է Էրդողանը` նշելով, որ նման համագործակցության ոգին, նմանատիպ մեխանիզմների կիրառումը կարող են օգտագործել նաև Սիրայում։