Հարձակում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի վրա

Հարձակում է տեղի ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանի գրասենյակի վրա: Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք կոտրում ավելի շատ որպես «Սորոսի» գրասենյակ հայտնի կազմակերպության դուռը, այնուհետև ներս մտնելով ջարդուփշուր անում գույքը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Ոստիկանությունից «Ազատությանը» հաղորդեցին, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի վրա հարձակման մասին լուրը ստացել են առավոտյան 9:45, այցելել են գրասենյակ, կազմել արձանագրություն։ Ըստ հաղորդման՝ հարձակումը տեղի է ունեցել լուսադեմին՝ ժամը 3:00-ին: Ի դեպ, հենց նույն օրը, լուսադեմին՝ ժամը 4-ի սահմաններում հարձակման փորձ եղավ նաև «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա:

Հիշեցնենք՝ նույն գիշերվա ընթացքում կոտրելով Կառավարության շենքի դուռը հարյուրավոր ցուցարարներ ներխուժել էին գործադիր մարմնի շենք ու ավիրել գույքը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի աշխատակից Նարեկ Սարգսյանի խոսքով՝ հաղորդման առիթով նյութեր են նախապատրաստվում: «Անհայտ անձինք դիտավորությամբ վնասել են Թումանյան փողոցի 2-րդ փակուղի, 7/1 հասցեում գտնվող գրասենյակի պատուհանների ապակիները, դռները և կոտրել են կահույքը: Այս պահին վնասի չափը պարզվում է և նախապատրաստվում են նյութեր», - ներկայացրեց Սարգսյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի դռան վրա նկատելի էին հարձակման հետքերը երևում էր, կոտրված էր դռան զանգը: Գրասենյակին հարակից շենքի բնակիչները «Ազատությանը» պատմեցին, որ եղել են մարդիկ, մտել են ներս՝ նշելով, որ իրենց տեղեկություններով գրասենյակն արդեն երկու օր փակ է և հարձակման պահին ներսում մարդ չի եղել:

«Ազատությանն» առայժմ չի հաջողվել կապ հաստատել գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ: Նրա հեռախոսն անհասանելի է: