Առանցքային է կարգավիճակի հարցը, բայց համաձայնագիրն ամբողջությամբ, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, մեղմ ասած, խնդրահարույց է հայկական շահերի ու անվտանգության համար: Այլ բան չէ, քան պարզապես «ռազմա-քաղաքական կապիտուլյացիա»:
Հայաստանի իշխանությունը երկրորդ օրն է չի մեկնաբանում՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունում մի շարք մանրամասներ կան, թե ինչ ժամկետներում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու Քելբաջարի շրջանը, Աղդամը, այնուհետև` Լաչինը, ինչ թվաքանակով ու որտեղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները, Ադրբեջանից Թուրքիա փաստացի ուղիղ կապն ինչպես է ապահովվելու, իսկ թե ինչ է լինելու այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ չեն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին չկա ոչ մի խոսք:
«Մենք այս տեսանկյունից ունենք իսկապես մի մեծ անորոշություն խիստ անընդունելի փաստաթղթի շրջանակում, և այստեղ փաստ է և իրականություն է միայն այն, որ այդ փաստաթղթով դադարեցվել է պատերազմը և ընթանում է ռուս խաղաղապահների տեղակայում սահմանված շրջաններում՝ որպես պատերազմի դադարեցումը վերահսկող և վերսկսումը թույլ չտվող մեխանիզմ», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հայաստանի իշխանությունը չի մեկնաբանում հարցը. փաստաթղթի ստորագրումից հետո ժողովրդի հետ բացառապես Ֆեյսբուքով շփվող Փաշինյանը արդեն երկրորդ օրն է՝ խոսում է եռակողմ հայտարարությունից, բայց չի անդրադառնում Արցախի կարգավիճակին: Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման հայտարարությունը ստորագրած Փաշինյանը այսօր առավոտյան խոսեց Ադրբեջանին փոխանցվող տարածքներից: Ըստ վարչապետի, փաստաթուղթը ոչ թե տարածքներ հանձնելու, այլ պահելու մասին է: Ասաց՝ այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, հայկական կողմը այդ իրավիճակում չէր կարողանա պահել։
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը այդ մի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածք՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին և երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են մեղմ ասած, նաև Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին՝ տեղի կունենար ամբողջական կոլապս՝ շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո հայկական պաշտպանական շրջաններն ու հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։
«Տվյալ պահին ունեինք իրավիճակ, երբ որ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, ու Զինված ուժերի գլխավոր շտաբի և Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը և եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթով արձանագրված է», - ասաց Փաշինյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ այն, ինչ մնում է Արցախից, կամ ինչ մնում է Արցախին, չափազանց վտանգավոր է հայկական պետականության՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար։
«Արցախին հայկական վերահոկողության տակ մնում է նախկին ԼՂԻՄ 4400 քառակուսի կիլոմետր տարածքից մնում է 2500-ը, սա զուտ թվաբանորեն արդեն իսկ մեզ բավարար պատկեր է հասկանալու համար: Հասկանալի է, որ պաշտպանական բանակը մնում է, բայց պաշտպանական ամրությունները և համակարգն ամբողջությամբ այլևս կարող ենք համարել քանդված, և դա է նաև, որ մեզ ամեն գնով պետք է մղի գտնել այդ հնարավորությունը և փոխել պայմանագիրը, ապահովել շրջադարձ, որպեսզի պատերազմում կորցրած տարածքներին չավելանան արդեն համաձայնագրով հանձնված տարածքներ, որովհետև դա նշանակում է հայկական պետականության պաշտպանական համակարգի ամբողջական փլուզում», - նշեց Բադալյանը:
Քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի դաշտ կա, կարծում է Բադալյանը, համաձայնագրի հետագա իրականացման անորոշությունները, տալիս են այդ հնարավորությունը, պետք է գտնել ռեսուրս՝ հնարավորինս փոխելու այն:
«Տարածքների հանձնումը՝ Քարվաճառ, Լաչին, Աղդամ, դա թույլ չտալը: Մենք պետք է առավելագույնս փոխենք այս համաձայնագիրը, ոչ միայն կարգավիճակի հարցը մեջտեղ բերենք, սա մեր կենսական անվտանգության հարցն է, սա Արցախի և Հայաստանի ամբողջական հարցն է և բնական է, որ այստեղ պետք է արվի ոչ միայն հնարավորը, այլ գործնականում անհնարինը քաղաքական, դիվանագիտական, ամենատարբեր շփումների, կապերի, միջոցների, մեխանիզմների առումով, որպեսզի մենք կարողանանք այս հարցը լուծել, որովհետև, եթե այս հարցը լուծելու համար անգամ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում լինի իշխանության փոփոխություն, ապա Հայաստանը պետք է գնա նաև այդ ճանապարհով», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը: