Լրագրողական ՀԿ-ներն իրենց վրդովմունքն են հայտնել «Ազատության» գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ

Armenia - Logo of azatutyun.am, Yerevan 29 Jun, 2018

Հայաստանյան մոտ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց վրդովմունքը հայտնելով «Ազատության» գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ։

Կազմակերպություններն անթույլատրելի են համարել Հայաստանի համար այս օրհասական պահին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած բռնություն, ճնշում կամ հետապնդում։

«Տեղի ունեցածի կապակցությամբ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռադիոկայանի վրա հարձակման նախաձեռնողներին և իրագործողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ոչ կառավարական այլ կառույցներին և նախաձեռնություններին, անհատ քաղաքացիներին՝ զսպվածություն ցուցաբերել և բացառել ցանկացած ոտնձգություն ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ՝ անկախ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից», - ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան կազմակերպությունը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը։

Նոյեմբերի 10-ին, ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։